Հոկտեմբերի 9-ից սկսվել է սահմանադրական փոփոխությունների պաշտոնական քարոզարշավը, որին հատկապես մեծ ոգեւորությամբ իրենց մասնակցությունն են ցուցաբերում «այո»-ի ջատագովները՝ մարդկանց համոզելով կողմ քվեարկել նախագծին: Իհարկե, իրենց ակտիվությամբ չեն զիջում նաեւ «ոչ»-ի ճամբարում գտնվողները, որոնք հայտարարել են, որ փորձում են տապալել սահմանադրական հանրաքվեն:
Նշենք, որ այո-ի ճամբարում Հանրապետականի շուրջ են խմբվել իշխանական ու իշխանամետ շատ կուսակցություններ, որոնց մեծ մասը մասնակցեցին Սերժ Սարգսյանի հետ ֆոտոսեսիային: Որոշակիություն է սկսել մտնել նաեւ ոչ-ի ճամբարում: Այստեղ են ՀՀ նախկին երկու նախագահները: Իհարկե, Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակավ անձնական տեսակետ չի հայտնել, սակայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն իսկ իր հրապարակային ոչ-ն ասել է նախագծին: Եւ ոչ-ի ճամբարում արդեն տարբեր նախաձեռնություններ են ձեւավորվում` «Չեք անցկացնի»-ն, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը, ՀԱԿ-ը եւ էլի այլ ոչ-եր, որոնք դեռ չեն կողմնորոշվում՝ ինչպես արտահայտեն իրենց բաժին ոչ-ը:
Իսկ ի՞նչ դիրքորոշում ունի «Լուսավոր Հայաստան» նախաձեռնության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Երբ փորձեցինք «լուսավորվել»` պարզելու, թե որն է Մարուքյանի նոր ստեղծվելիք կուսակցության տեսակետը, այո, թե ոչ է քարոզելու, նա հրաժարվեց` ասելով. «Այնպիսի հարցեր տվեք, որ չկրկնվի»: Նկատենք, որ Մարուքյանի կողմից հղում արված լրատվամիջոցին տրված հարցազրույցում հստակ տեսակետ չկա առ այն, թե նա ինչ դիրքորոշում ունի սահմանադրական փոփոխությունների մասով:
«Ժողովուրդ»-ը իր հարցերի պատասխանները փորձեց ստանալ «Լուսավոր Հայաստան» նախաձեռնության անդամ Նորայր Մովսիսյանից, ով ասաց. «Մինչեւ առաջարկների քննարկումը պարոն Մարուքյանը հանձնաժողովի նիստում դեմ էր քվեարկել Սահմանադրության նախագծին: Դրանից հետո առաջարկների մի մասը ընդունվել է, որոնք առայժմ մենք շարունակում ենք ուսումնասիրել եւ վերջնական ուսումնասիրությունից հետո հասկանանք՝ ինչքան ծանրակշիռ են ընդունված առաջարկները, եւ ինչքանով են մեզ համար առկա մտահոգությունները փարատվել, նոր հստակ պատասխանը կունենանք»:
Այստեղ են ասել` ճաշից հետո մանանեխն ում է պետք: Սահմանադրության նախագիծն արդեն ընդունվել է, վերջնական տեքստը դրվում է հանրաքվեի, մարդիկ քարոզարշավ են սկսել, իսկ «Լուսավոր Հայաստանում» դեռ «խավարի» ու անտեղյակության մեջ են: Նորայրն ասաց, որ իրենց նախաձեռնությունը քարոզարշավ չի իրականացնելու. «Որպես նախաձեռնություն կարծում եմ՝ դրա անհրաժեշտությունը չկա»:
Իսկ թե այս անհամարձակությամբ եւ կիսաքայլերով նրանք ինչպես են պատրաստվում քաղաքական գործունեություն ծավալել, թերեւս դժվար չէ պատկերացնել: Ինչպես ասում են` ուզում էինք լավ լիներ, բայց ստացվեց ինչպես միշտ:
Արփինե Թովմասյան