“Առավոտի” տեղեկություններով` “ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ” ընկերության գլխին, որը հանրությանն առավել հայտնի է “Գետամեջ” անունով, “սև ամպերե են կուտակվում: Այդ մասին գրում է “Առավոտ” թերթը։
“Ըստ որոշ լուրերի` թռչնաբուծարանի բիզնեսը ցանկանում է ձեռք բերել ՀՀ մի բարձրաստիճան պաշտոնյայի բարեկամը, որն արդեն իր “մարդկանց” ուղարկել է Ֆաբրիկան տնտղելու: Թռչնաբուծական ֆերմայի աշխատակիցները` լսելով, որ սեփականատիրոջ փոփոխություն է սպասվում, նույնպես խուճապի մեջ են:
“Նշենք, որ այս պահին “Գետամեջ”-ի գործունեությունը դադարեցված է արտադրական գործընթացում հայտնաբեևրված մի շարք խախտումների պատճառով։
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մարտի 5-ին հրապարակել էր “Գետամեջ” ընկերությունում հայտնաբերած խախտումները, որոնց համաձայն, ի թիվս տեխնիկական բնույթի խախտումների, ընկերությանը պատկանող սառեցված հավերի մեջ լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերվել էր սալմոնելա տեսակի մանրէ, ինչը մասնագետների խոսքերով, մարդու համար հադիսանում է աղիքային ինֆեկցիայի հարուցիչ:
“Առավոտի” հարցին, թե ճիշտ է արդյոք, որ այս պահին թռչնաբուծական ֆաբրիկան վաճառելու բանակցություններ են ընթանում, “ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ” ընկերության համասեփականատեր Գայանե Սարգսյանի հայրը` Ռաֆիկ Սարգսյանը, որը “Դվին” կոնցեռնի սեփականատերն է, ասաց. “Նման խոսակցություն չկա”:
Ինչ վերաբերում է “Գետամեջի” վարկանիշը փրկելուն, ապա պարոն Սարգսյանը հայտնեց, որ այս օրերին իրենք արտադրության 25 նմուշ են հանձնել լաբորատորիա` փորձաքննության համար, եւ վաղը երեկոյան արդեն արդյունքները հայտնի կլինեն, որոնց մասին կտեղեկացնեն հանրությանը”,- գրում է “Առավոտը”: