Խորհրդարանի ԲՀԿ խմբակցությունում մի երիտասարդ պատգամավոր կա՝ Տիգրան Ուրիխանյան անունով, որը տարիներ շարունակ այդպես էլ չկարողացավ գոնե իր համար պարզել, թե ինքը ո՞ր դաշտում է, ի՞նչ է անում ու ո՞ւր է գնում: Նա ուներ սեփական կուսակցություն` Հայաստանի առաջադիմական կուսակցությունը, և «որոշեց» միանալ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկայնին ու նրա «փեշերի» տակ գործունեություն իրականացնել:
Այնուամենայնիվ, փորձենք վերհիշել՝ ո՞վ է իրականում Տիգրան Ուրիխանյանը, ի՞նչ քաղաքական հենարան ունի եւ ինչո՞ւ է նա մշտապես փոխում իր դիրքորոշումը՝ դաշտից դաշտ տեղափոխվելով:
Քոչարյանի քաղաքական գործիքը
2000 թվականին Տիգրան Ուրիխանյանը հիմնեց Հայաստանի առաջադիմական կուսակցությունը: Ու բոլորին հայտնի էր, տարիներ առաջ մամուլն էլ գրեց, որ նրան առաջ էր «բրդում» Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը, քանի որ Ուրիխանյանը Գեւորգյանի սանիկն է: Կուսակցությունում «հավաքվել» էին մի քանի երիտասարդներ: Ու եթե ինչ-որ մեկը Ռ. Քոչարյանին քննադատում էր, Ուրիխանյանի գլխավորությամբ նրանք «հարձակվում» էին մարդկանց վրա՝ մեղմ ասած, հակառակ դիրքորոշումը ներկայացնելով: Ուրիխանյանի թիմը փաստացի «օգտագործվում» էր ընդդիմությանը վարկաբեկելու նպատակով, իսկ այդ կռվի առաջամարտիկն, իհարկե, հենց Տ. Ուրիխանյանն էր:
Երեւի այժմ իշխանական թեւում չկա Տ. Ուրիխանյանի նման մի կերպար, որը նման ջանասիրությամբ կպաշտպանի Սերժ Սարգսյանին («Հայոց արծիվներ»-ի նախագահ Խաչիկ Ասրյանն այդքան չի «ձգում»), ինչպես անում էր Տ. Ուրիխանյանը: Արդեն 2012 թվականին Ուրիխանյանն իր «աշխատանքի» դիմաց նախ ինտեգրվեց ԲՀԿ-ին, որը ոչ փաստացի, բայց կառավարվում էր Ռ. Քոչարյանի կողմից, ապա ընդգրկվեց ԲՀԿ համամասնական ցուցակում: Այնուհետեւ մի ողջ կուսակցության ղեկավարը դարձավ այլ կուսակցության ղեկավարի խոսնակն ընդամենը:
Զգուշացեք` կրակում է
ԱԺ ամբիոնից ինտելեկտուալ դիմակի տակ թաքնված ելույթների հեղինակ Տիգրան Ուրիխանյանը իրականում սովորական շմայսանման էակ է: Չզարմանաք՝ նա նաեւ կրակել գիտի, բայց ի տարբերություն Շմայսի՝ Ուրիխանյանը ռազմի դաշտում, ազերիների հետ պայքարի ժամանակ չի կրակել, այլ Հայաստանի մայրաքաղաք Երեւանի կենտրոնում: 2008 թվականի մայիսին Տիգրան Ուրիխանյանը Հայաստանի Հելսինկյան ընկերության նախագահ Միքայել Դանիելյանի վրա Տերյան-Մոսկովյան փողոցում գազային ատրճանակից կրակեց: Պատճառաբանությունն, իհարկե, պաթոսով ներկայացվեց` կրակոց հանուն ինչ-որ մեկի թասիբի: Բայց այս իրավիճակում կարեւորը երեւույթն է, այսինքն` Տիգրան Ուրիխանյանն ընդունել է զենքով հարց լուծել, ու ամենեւին էլ կարեւոր չէ` զենքը գազային է, թե մարտական:
Իսկ ինչո՞ւ ճաղերի հետեւում չհայտնվեց մերօրյա փրկիչ Տիգրան Ուրիխանյանը: «ժողովուրդ»-ի հետ զրույցում իրավապաշտպան Միքայել Դանիելյանը հայտնեց, որ դեպքից մեկ տարի հետո գործը «փակվել» է. «Ու շատ ծիծաղելի պատճառաբանությամբ, ուրմեն այսպես էր նշվում, թե ես իբր պաշտպանվում էի, իսկ քանի որ Տիգրան Ուրիխանյանը վատ էր տեսնում, մտածել էր` ես հարձակվում եմ: Կրակել էր: Ահա այսպես` գործը փակվեց»:
Դե, իհարկե, այն ժամանակ Արմեն Գեւորգյանը չէր կարող թույլ տալ իր սանիկը հայտնվեր կալանավայրում: Ու հիմա Տիգրան Ուրիխանյանը ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ այլ բարձր արժեքների մասին է խոսում` մոռանալով սեփական անցյալը:
«Կրկին փորձիր»-ի սկզբունքով
Այս տարվա փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո, երբ Գ. Ծառուկյանը մի գիշերվա մեջ որոշեց նահանջել ու հայտարարեց, թե հեռանում է քաղաքականությունից, Տ. Ուրիխանյանը որոշեց կրկին կուսակցություն ստեղծել «Կոկա-Կոլայի» հայտնի կարգախոսով` «կրկին փորձիր»: Բայց մինչ այդ նա, ինչպես յուրաքանչյուր ստացված կամ չստացված կուսակցություն, լրատվական կայք (կայքեր) էր բացել` իր հակառակորդների մասին բամբասանքներ տարածելով:
Եւ, ահա, 2015 թվականի հուլիսին Տ. Ուրիխանյանը նոր շոու բեմադրեց` այս անգամ էլ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն գրանցելու խնդրով: Նա իրեն մատուցում է իբրեւ իշխանությունների կողմից «հալածյալ», որի կուսակցությունը հրաժարվում են գրանցել ՀՀ արդարադատության նախարարությունում: Իրականում Ուրիխանյանը սխալ փաստաթղթեր էր ներկայացրել, որի պատճառով նման իրավիճակում էր հայտնվել, բայց քանի որ Ուրիխանյանը սիրում է իր շուրջ ոչնչից աղմուկ սարքել, ամպագոռգոռ հայտարարություններ տարածել, այս առիթն էլ բաց չթողեց:
Սակայն իրականում Ուրիխանյանի գործունեությունը քաղաքական դաշտում առանձնապես որեւէ մեկին չի հետաքրքրում (որքան էլ փորձում է տարբեր երկրներում հավատարմության երդման դիմաց մեդալներ փախցնել): Ակնհայտ է, որ մարդիկ չեն հավատում մի երիտասարդի, որը հաստատուն տեսակետ՝ սեփական ես չունի: Նա ընդամենը կատարող է, պարզապես այս պահին դեռ «քաղաքական պապա» փնտրելու ճանապարհին է: Հուսանք` կգտնի:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ