ՀԺ. Մարզերում աշխատող ուսուցիչների վրա պլան է դրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Պարզվում է` մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում իրենց կարևոր ներդրումն են ունենալու նաև մարզերի բնակիչները: Երեկ “ՀԺ”-ն տեղեկացել է, որ մայրաքաղաքից դուրս գտնվող դպրոցներում աշխատող ուսուցիչների վրա պլան է դրվել: Ուսուցիչներն, ըստ այդմ, պետք է ներկայացնեն Երևանում բնակվող իրենց ծանոթ-բարեկամների անձնագրային տվյալները, թվով 5-6 անձի, և հոգ տանեն, որպեսզի նրանք մասնակցեն ընտրություններին` քվեարկելով Հանրապետական կուսակցության օգտին: Երեկ թերթի թղթակիցը զրուցել է նման հրահանգ ստացած ուսուցիչներից մեկի հետ, որի անունը հասկանալի պատճառներով չի հրապարակել:
– Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված հրահանգներ եք ստացել կասե՞ք` կոնկրետ ի՞նչ է պահանջվում ձեզնից:
– Հարցնում էին` հարազատ ունե՞ք Երևան քաղաքում, վստահելի մարդիկ: Ասացինք` այո: Դե, հնարավոր չէ, որ գոնե մի հոգի գտնվի, որը չունենա թեկուզ մեկ վստահելի մարդ: Ընտրությունների համար անձնագրերի տվյալները ուզեցին, իսկ այսօր ես տեղեկացա, որ ովքեր արդեն բերել ներկայացրել են, պարզվել է, որ պարտադիր է եղել նաև տան հասցեն և այն տեղամասի համարը, որտեղ այդ մարդիկ պետք է քվեարկեն:
– Իսկ ինչու է կարևորվում, որ վստահելի մարդ լինի:
– Դե, չգիտեմ ինչի համար են իրենք այդքան կարևորում, բայց դե ասում էին, որ պետք է ընտրել Հանրապետական կուսակցությանը: Եթե հրաժարվես, չաջակցես, խնդիրներ կունենաս: Ես հաստատ համոզված եմ, որ եթե գոնե մեկ հոգու անուն չներկայացնեմ, այդպես կլինի: Ինչքան էլ լավ աշխատես, հաստատ կարող են, չէ՞ վատը տեսնել: Ասացին՝ ուզում ենք իմանալ, թե որ համայնքում ինչքան մարդ կա ընտրության մասնակցող: Իրենք մեզ ասում են, որ այնքան էլ կարևոր չէ՝ այդ մարդիկ ում կընտրեն: Ընդհանուրի մոտ չէ, բայց ներքին կարգով բոլորիս ասվել է, որ պետք է Հանրապետականին ընտրել:
-Իսկ ժամկետ ասվե՞լ է, թե մինչե երբ պիտի ներկայացնեք Երևանում բնակվող ձեր հարազատների տվյալները:
– Այս շաբաթ արձակուրդ էինք, և ասացին` այդ ընթացքում կարգավորեք:
 




Լրահոս