«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի վերջին քննարկման ընթացքում Ժիրայր Սէֆիլյանը հայտարարեց, թե դեկտեմբերի 1-ին իրենք հանրահավաք են անցկացնելու, որին հրավիրում են վճռական տրամադրված քաղաքացիների` սկսելու զանգվածային անհնազանդություն: Սէֆիլյանը ընդգծեց, որ իրենք օգտագործելու են խաղաղ անհնազանդության իրավունքը` զորեղ ճնշում գործադրելու համար իշխանությունների վրա` նրանց թողնելով ընտրությունը` նահանջել խաղաղ ձեւով, թե ոչ խաղաղ:
Սէֆիլյանի այս հայտարարությունները, վստահաբար, շատերի մոտ առաջացրին «դեժավյու», ընդ որում, շատ թարմ` ոչ վաղ անցյալից: Նա, հիշեցնենք, նույնաբովանդակ հայտարարություններով հանդես եկավ նաեւ անցած մարտի վերջին, երբ ղեկավարում էր «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը եւ իր համախոհների հետ նպատակ էր դրել տապալել հենց ապրիլի 24-ի միջոցառումները: Այդ ժամանակ էլ Սէֆիլյանն ասում էր, որ իրենք տանից դուրս են գալու եւ էլ չեն վերադառնալու, մինչեւ «ռեժիմին» չտապալեն, եւ որ եթե «ռեժիմը» իրենց նկատմամբ ուժ կիրառի, ապա իրենք էլ իրենց իրավունք կվերապահեն դիմելու համարժեք գործողությունների: Թե ինչ եղավ դրանից հետո, բոլորին է հայտնի: Ապրիլի 7-ին ձերբակալված Սէֆիլյանն ու նրա ընկերները կարճ ժամանակ անցկացրին ճաղերի հետեւում, ապա ազատ արձակվեցին` դրանից հետո, ըստ էության, այլեւս մոռանալով «100-ամյակն առանց ռեժիմի» իրենց կարգախոսը:
Եվ հիմա, փաստորեն, Սէֆիլյանն ու նրա ընկերները փորձ են անում խաղարկել նույն սցենարը` հստակ իմանալով, որ իշխանությունների հակազդեցությունը չի ուշանալու: Երեկ արդեն ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Սէֆիլյանի` դեկտեմբերի 1-ին զանգվածային անհնազանդության կոչերի կապակցությամբ հայտարարել է.«Ի՞նչ է, իրավապահները ձեռքերը ծալած պետք է նստեն, որ մարդկանց անհնազանդության կոչեր անեն, եւ քաշքշուկներ սկսվի սեփական ժողովրդի հե՞տ: Դա թույլ չենք տալու»: Կարելի է չկասկածել, որ Բաղդասարյանի սպառնալիքները զուտ վախեցնելու համար չեն, եւ որ հարկ եղած դեպքում իշխանությունները չեն վարանի հերթական անգամ գործի դնել բռնաճնշումների մեքենան: Եթե նրանք դա արեցին անգամ Բաղրամյանի ցույցերի օրերին, այս դեպքում հաստատապես կանեն:
Այլ խնդիր է, թե ինչու են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամներն ամեն ինչ անում (հերթական անգամ իշխանությունների կողմից «հալածյալի» իմիջ ստանալու համար) հստակ գիտակցելով, որ սահմանադրական հանրաքվեից վեց օր առաջ հնարավոր չէ զանգվածային այնպիսի մասշտաբի անհնազանդություն իրականացնել, որը թույլ կտա իրավիճակ փոխել:
Տխուր է, բայց կարծեք թե իրավացի են այն գործիչները, որոնք պնդում են, թե «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հիմնական նպատակը ոչ թե իշխանափոխությունն է կամ հանրաքվեի տապալումը, այլ ընդդիմադիր դաշտում կայանալը` 2017թ. խորհրդարանական ընտրությունների մարաթոնից առաջ: