ՈՐՔԱ՞Ն Է ԱՐԺԵՆՈՒՄ «ԵՎՐԱՏԵՍԻԼ»-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի տարի է` Հայաստանը մասնակցում է եվրոպական ամենամասշտաբային երաժշտական շոուին` «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին: Այստեղ Հայաստանն առաջին անգամ ներկայացրել է Անդրեն` 2006 թվականին, իր «Without Your Love» երգով: Իսկ օրերս էլ պարզ դարձավ, որ «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակիցն Իվետա Մուկուչյանն է: Արդեն տասներորդ անգամն է` Հայաստանը մասնակցում է «Եվրատեսիլ»-ին, սակայն այս մրցույթի ֆինանսավորման հետ կապված որոշ հարցեր դեռեւս մութ են հանրության համար:

«Ժողովուրդ»-ը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժին դիմեց հետեւյալ հարցմամբ` ի՞նչ աղբյուրներից է գումարներ հատկացվում «Եվրատեսիլ»-ին Հայաստանի մասնակցությունն իրականացնելու համար: Արդյո՞ք պետական բյուջեից գումարներ հատկացվում են մրցույթին, եթե այո, որքա՞ն գումար է դա կազմել նախորդ տարիներին եւ որքա՞ն կկազմի այս տարի: Մեր հարցմանն ի պատասխան՝ Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) լիիրավ անդամ է, ինչը եւ հնարավորություն է տալիս Հայաստանին մասնակցելու «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին: Մեզ հայտնեցին, որ հենց եվրոպական հեռարձակողների միությունն է մրցույթի մասնակից պետությունների համար սահմանում անդամակցության գումարը, որն, ի դեպ, նույնը չէ բոլոր երկրների դեպքում եւ կարող է էականորեն տարբերվել: Այդ իսկ պատճառով ԵՀՄ-ի պահանջով այդ թվերը հրապարակման ենթակա չեն: «Ինչ վերաբերում է պետական բյուջեից գումարներ հատկացվելուն, ապա պետք է նշել, որ 2013-2015 թթ-ի ընթացքում «Եվրատեսիլ»-ի հայաստանյան մասնակցությունը ամբողջությամբ ֆինանսավորվել է հովանավորների եւ բարեգործական հատկացումների միջոցով: Վերջին տարիներին հաջողվել է մասնակցությունն ապահովել ֆինանսավորման այս տարբերակով, սակայն եթե հաջորդ տարիներին դա հնարավոր չլինի, ապա Հանրային հեռուստաընկերությունը կքննարկի, թե իր հաղորդումներին հատկացվող տարեկան բյուջեից որքան կհատկացնի այս նախագծի իրականացման համար»,-ասված է պատասխանում:
Մենք հարցրել էինք նաեւ, թե ովքե՞ր են մրցույթի մեր պատրաստությունների համար կազմվող բյուջեում մասնավոր ներդրումներ կատարողները, եւ արդյոք հայտնի են այս տարվա ներդրողների անունները (եթե այդպիսիք կան): Առաջին ալիքից պատասխանել են, որ գործընկերների անունները պարբերաբար հնչեցվում են մրցույթի նախապատրաստական փուլերի ընթացքում: «Գործընկերների եւ հովանավորների ցանկը յուրաքանչյուր տարի փոփոխվում է, եւ դեռեւս հստակ չէ, թե ով կամ ովքեր կլինեն «Եվրատեսիլ-2016»-ի հովանավորները: Մենք քայլեր ենք ձեռնարկում նոր հովանավորներ գտնելու եւ ներգրավելու ուղղությամբ»:
Իսկ այն հարցին, թե մոտավորապես որքա՞ն է արժենում «Եվրատեսիլ»-ը մեզ համար, նախորդ տարիներին որքա՞ն գումար է ծախսվել այս մրցույթին մասնակցելու, ներկայանալու համար, եւ որքա՞ն գումար է նախատեսվում ծախսել այս տարի, հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից պատասխանել են, որ ամեն ինչ կախված է նրանից, թե տվյալ տարի մասնակցության ինչ ձեւաչափ է ընտրվում, եւ ինչ առանձնահատկություններ ու անելիքներ կան նախանշված: «Օրինակ՝ այս տարի «Մանկական եվրատեսիլ»-ը չունի հովանավոր, ինչի արդյունքում էլ Հանրային հեռուստաընկերությունը որոշում կայացրեց մրցույթի նախընտրական փուլում չկազմակերպել համերգային ընտրություն, դրա փոխարեն խնայել այդ ռեսուրսները եւ ուղղել պարտադիր եւ անհրաժեշտ անելիքների վրա: Այդ իսկ պատճառով ստեղծագործական խմբի որոշմամբ ընտրվեց մասնակիցը՝ 12-ամյա Միկան, գրվեց երգը եւ նկարահանվեց համապատասխան տեսահոլովակը»:
«Ժողովուրդ»-ին հետաքրքիր էր նաեւ, թե ով կամ ովքեր են ֆինանսավորում երգահանին, երգի մյուս հեղինակներին, ովքեր են վճարում «Եվրատեսիլ»-ի բեմում իրականացվող շոուի համար, մեր մասնակցի զգեստի, դիմահարդարման, առհասարակ, արտաքին տեսքն ապահովելու, պատվիրակության ճամփորդությունների, ճանապարհածախսի եւ դրան ուղեկցող ծախսերի համար: Հանրային հեռուստաընկերությունից պատասխանել են, որ երգի հեղինակներին վճարում է Հանրային հեռուստաընկերությունը, իսկ ինչ վերաբերում է շոուին, ապա Հայաստանը մեծ շոու-ծրագրեր իրականացնելու հնարավորություն չունի: Այդ բացը հիմնականում լրացվում է գրաֆիկական ձեւավորումների միջոցով, ինչը իրականացնում են Հանրային հեռուստաընկերության անիմացիայի բաժնի աշխատակիցները: Իսկ մասնակցի զգեստը կարվում է Հայաստանում, հայ դիզայներների կողմից:
«Պատվիրակության ճամփորդությունների ճանապարհածախսը եւս վճարում է Հանրային հեռուստաընկերությունը, սակայն երբեմն լինում են նաեւ մասնակիցներ, ովքեր իրենց միջոցներով են ցանկություն հայտնում գնալ, սատարել Հայաստանի ներկայացուցիչներին եւ ըստ անհրաժեշտության աջակցել: Այդպիսի օրինակներ ունեցանք այս տարի, երբ սեփական միջոցներով Ավստրիա գնացին եւ ողջ ընթացքում օգնեցին ոճաբանը, պարուսույցը, ադմինիստրատորներ եւ երկրպագուներ: Այդ սրտացավ վերաբերմունքի համար մենք շնորհակալ ենք նրանց»,-ասված է պատասխանում:

 

 

 

 
ԽՈՒՄԲԸ ՑՐՎԵԼ Է. ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ ՄԵԿՆԵԼ ԵՆ ԱՐՏԵՐԿԻՐ

Երգչուհի Անահիտ Շահբազյանի համար նրա ընկեր Արսեն Գրիգորյանը (ռոմանսի Արսեն) հատուկ երգ է գրել եւ նվիրել նրան: «Դա ռոմանսի նման սիրային երգ է, Արսենն այդ ստեղծագործության միջոցով փորձել է ինձ բնութագրել, այնպես, ինչպես նկարիչը` իր բնորդին: Որպես այդ երգի կատարող նա հենց ինձ է պատկերացրել: Թե՛ երաժշտության եւ խոսքերի, թե՛ գործիքավորման հեղինակը Արսենն է: Երգի հիման վրա կփորձենք նաեւ մինչեւ տարեվերջ տեսահոլովակ ներկայացնել»,-«Ժողովուրդ»-ին պատմեց Անահիտը:

Քանի որ հարցազրույցներից մեկի ժամանակ Անահիտը նշել էր, որ տեսահոլովակ չի նկարահանում ֆինանսական խնդիրների պատճառով, մենք հետաքրքրվեցինք` արդյոք երգչուհուն հաջողվել է ֆինանսի աղբյուր գտնել: «Ոչ, նման աղբյուրներ չեմ գտել, խնդիրը լուծում եմ իմ համերգներից վաստակած գումարից խնայողություն անելու միջոցով»,-պատասխանեց նա:
Անահիտը երկար տարիներ է` երգում է Հայաստանի պետական ջազ նվագախմբում, ելույթ է ունենում նաեւ ակումբում եւ ռեստորանում: Երգչուհին մեզ հայտնեց, որ իր փոքրիկ ջազ խումբը` «Traffic Jam Trio»-ն, որի հետ նա պարբերաբար ելույթներ էր ունենում, ցրվել է. «Պատճառն այն է, որ երաժիշտներն արտասահման են մեկնել եւ այսուհետ այնտեղ են ապրելու: Շատ եմ ափսոսում, որ կենցաղային պայմանները ստիպեցին նրանց հեռանալ հայրենիքից: Հիմա ես մտածում եմ նոր խումբ կազմելու մասին»,-ասաց նա:
Միջազգային մրցույթների մասնակցած եւ հաջողություններ գրանցած երգչուհուն հարցրինք` արդյոք մտադիր չէ արտերկրում կրկին մասնակցել որեւէ մրցույթի. «Միգուցե հաջորդ տարվա գարնանը փորձեմ Բուլղարիայում կայանալիք «Աշխարհի երգեր» մրցույթին մասնակցության հայտ ներկայացնել, եթե հաջողվի` այն Հայաստանում հեռարձակվի, շատ ուրախ կլինեմ, իսկ, ընդհանուր առմամբ, ստեղծագործական կյանքում մրցութային այդ փուլը, տրամպլինը ինձ համար հաղթահարված է: Հիմա ես մտածում եմ մեծ համերգներով հանդես գալու, նվագախմբի հետ ավելի շատ ելույթներ ունենալու, արժեքավոր երգերի վրա աշխատելու, դրանք նորովի մատուցելու մասին»,-նշեց նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՔԼՈՒՆԻՆԵՐԸ ԿԳԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ
Ջորջ եւ Ամալ Քլունիները հաջորդ տարի` ապրիլի 24-ին, կայցելեն Հայաստան: Այս մասին, ՀՅԴ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի փոխանցմամբ՝ հայտարարել է բրիտանացի փաստաբան Ջեֆրի Ռոբերթսոնը՝ ելույթ ունենալով Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի արեւմտյան թեւի կազմակերպած երեկոյի ժամանակ: «Ինձ համար պատիվ էր գործել Հայաստանի ու հայերի համար: Առաջին հերթին պատիվ է գործել հանուն ճշմարտության»,-հայտարարել է Ռոբերթսոնը՝ ստանալով «Արդարության պաշտպան-2015» պարգեւը: News.am-ի փոխանցմամբ` Ռոբերթսոնն այդ պարգեւը ստացել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի արեւմտյան թեւի կազմակերպած կոնֆերանսի եւ գալա բանկետի ժամանակ, իր եւ գործընկեր Ամալ Քլունիի համար։

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՍԵՐ»-Ի ՀԱՄԱՐ
Անդրեյ Բիտովը «Ժամանակակից կլասիկա» անվանակարգում «Յասնայա պոլյանա» ամենամյա համառուսական գրական մրցանակի է արժանացել «Հայաստանի դասերը» գրքի համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին: Արձանիկը եւ դիպլոմը դափնեկրին հանձնել Է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին: Այս տարի Բիտովը դափնեկիր է դարձել ավելի քան 40 տարի առաջ գրված «Հայաստանի դասերը» գրքի համար: Այն ժամանակ Բիտովը ԽՍՀՄ գրողներից առաջինը բացահայտորեն եւ առանց վերապահումների խոսեց հայերի ցեղասպանության մասին ու դատապարտեց այն: Բիտովը Հայաստանի պատվավոր քաղաքացի Է եւ Երեւանի պետհամալսարանի պատվավոր դոկտոր: «Ժամանակակից կլասիկա» անվանակարգում Ա. Բիտովը նաեւ դրամական մրցանակ է ստացել` 1,5 մլն ռուբլու չափով:

 

ՀԵՏՄԱՀՈՒ ՀԱՐՈՒՍՏ
Ամերիկյան հայտնի Forbes ամսագիրը կազմել է ամենահարուստ հանգուցյալ աստղերի վարկանիշային աղյուսակը, որում ընդգրկված հայտնիներն անգամ հետմահու շարունակում են մեծ գումարներ վաստակել։ Ներկայացնում ենք վարկանիշային աղյուսակի լավագույն հնգյակում ներառված աստղերին: Այսպիսով` առաջին տեղում փոփի արքա Մայքլ Ջեքսոնն է, որը նախորդ տարի 115 միլիոն դոլարի եկամուտ է ունեցել «Michael Jackson One» շոուի, վաճառված ձայնասկավառակների եւ Sony/ATV Music ընկերության շնորհիվ: 2-րդ Rock n’ Roll-ի արքա Էլվիս Փրեսլին է, ով հետմահու թողարկված «Elvis Presley Forever» ալբոմի շնորհիվ վաստակել է 55 մլն դոլար։ 3-րդ տեղում Չարլզ Շուլցն է՝ 40 մլն դոլար եկամուտով, 4-րդում` Բոբ Մարլին, որի Marley Beverage խմիչք արտադրող ընկերությունն այս տարի գրանցել է 21 մլն դոլարի շահույթ։ Իսկ լավագույն հնգյակը 20 մլն եկամուտով եզրափակում է Էլիզաբեթ Թեյլորը՝ իր «White Diamonds» օծանելիքով։

 




Լրահոս