Նոյեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հերբերթ Զալբերի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակցին ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը` ուշադրություն հրավիրելով վերջին ամիսներին լարվածության կտրուկ աճի, ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակավայրերի թիրախավորման վրա, որի արդյունքում զոհվում են խաղաղ բնակիչներ:
Սեյրան Օհանյանն իր խոսքում վերահաստատել է հակամարտող կողմերի միջև շփման գծում վստահության ամրապնդման միջոցառումների կյանքի կոչման, պատահարների հետաքննության մեխանիզմների ներդրման կորևորությունը` կոչ անելով ավելի հասցեական դարձնել միջազգային կազմակերպությունների հորդորները հակամարտող կողմերին:
Հերբերթ Զալբերն իր հերթին մտահոգություն է հայտնել առաջնագծում տեղի ունեցող պատահարների հաճախակիացման կապակցությամբ: Դեսպանն ընդգծել է, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում, և Եվրամիությունն ընդունում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջատար դերը` պատրաստ լինելով հնարավորության սահմաններում ներդրում կատարել վերոնշյալ ձևաչափով բանակցային գործընթացում: