ԽՈՒԼԻԳԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը՝ Վանաձոր) շարունակվում է Արթուր, Մացակ եւ Արմեն Բադալյան եղբայրների` խուլիգանության գործով դատավարությունը, նիստը վարում է դատավոր Նարինե Հովակիմյանը: Հիշեցնենք, որ, ըստ մեղադրանքի, Բադալյան եղբայրները Հարթագյուղ համայնքում վիճաբանել են մի քանի անձանց հետ, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, եւ վիճաբանության արդյունքում Գյումրի քաղաքի բնակիչ Արմեն Մկրտչյանը ստացել է հրազենային վնասվածք: Բադալյանների դեմ մեղադրանքը պաշտպանում է Տավուշի մարզի դատախազության ավագ դատախազ Արարատ Ազիզբեկյանը: Պատասխանող կողմի փաստաբաններն են Արտակ Ոսկանյանը եւ Ռուբեն Հակոբյանը: Բադալյան եղբայրների գործով դատախազությունը հիմնվել է միայն մեկ վկայի` Գոհարիկ Բաղդասարյանի ցուցմունքների վրա, որոնք, ըստ փաստաբան Ա. Ոսկանյանի, համահունչ չեն ՀՀ քրեական վարչության պետի պաշտոնակատարի գրության հետ:
Պաշտպանող կողմի փաստաբանները երեկ դատարանին միջնորդություն ներկայացրին: Դատը կողմերի վիճաբանության փուլում էր, սակայն, պաշտպանող կողմի միջնորդությունը միտում ուներ վերսկսելու դատաքննությունը: Միջնորդությանը կցված էին մարդու իրավունքների պաշտպանի` բողոքի քննարկումը դադարեցնելու մասին որոշումը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) գրությունը` ուղղված ՀՀ գլխավոր դատախազին, նաեւ վկայի ցուցմունքը:
Վկայի մայրը` Նատաշա Հարությունյանը, դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին եւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակին: Աղվան Հովսեփյանին Վանաձորի գրասենյակի կողմից ուղարկված գրության մեջ ասվում է. «Հարթագյուղի բնակիչներ Նատաշա Հարությունյանը եւ վերջինիս աղջիկներ Գոհար եւ Գայանե Բաղդասարյանները հայտնեցին այն մասին, որ ոստիկանության աշխատակիցները մի քանի անգամ եկել են իրենց տուն, մեկ անգամ էլ նրանց տարել են գյուղապետարան եւ ստիպել, որ գրեն, թե իրենք տեսել են գյուղում տեղի ունեցած վիճաբանությունը»: Գրության մեջ նաեւ ասվում է, որ ոստիկանները չեն ներկայացել եւ վկայականներ չեն ներկայացրել. «Ն.Հարությունյանը, Գոհար եւ Գայանե Բաղդասարյանները տեղեկացրին նաեւ այն մասին, որ ոստիկանության աշխատակիցներն իրենց հետ խոսել են բարձր տոնով, գոռացել են, ինչպես նաեւ վիրավորել ու սպառնացել: Մասնավորապես, ասել են. «Էս գողականությունից է՞լ եք հասկանում, կտանենք, ձեռքներիդ նակոլկեք կխփենք, տանելու եմ տոկի քցեմ, որ ճիշտն ասես»»: ՀՔԱ գրության մեջ նշված են նաեւ այլ խախտումներ` թույլ տրված ոստիկանության կողմից:
Արտակ Ոսկանյանը եւ Ռուբեն Հակոբյանը պահանջեցին նաեւ, որ որպես վկա դատարան կանչվեն Գոհարիկ Բաղդասարյանը եւ նրա մայրը` Նատաշա Հարությունյանը, նաեւ միջնորդեցին, որ դատարանը վերսկսի դատաքննությունը: Փաստաբանները նաեւ պնդում են, որ մեղադրող կողմի բերած փաստերի հիման վրա դատողություններն ու մեղադրանքները հակասում են Վճռաբեկ դատարանի դիրքորոշմանը: 
ՏԻԳՐԱՆ ՍԻՄՈՆՅԱՆ
Վանաձոր




Լրահոս