ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Գեղարքունիքի մարզի Վերին եւ Ներքին Շորժա գյուղերը եւ Այրք գյուղը վերամիավորվելու եւ մեկ համայնք դարձնելու մասին պարբերաբար լուրեր են շրջանառվում: Խնդրում եմ պարզաբանել՝ ի վերջո, կա՞ նման ծրագիր, եւ տարածքային կառավարման նախարարությունը մտադի՞ր է համայնքները խոշորացնել այդ ճանապարհով:

Սահակ Ստեփանյան
(52 տարեկան, Վարդենիս քաղաքի բնակիչ)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Ինչ վերաբերում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Այրքի, Ներքին Շորժայի եւ Վերին Շորժայի համայնքների միավորման հետ կապված լուրերին, ապա տեղեկացնում ենք, որ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ 2009թ. հուլիսի 10-ին տեղի ունեցած ՀՀ համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգի, ինչպես նաեւ միջոցառումների ծրագրերի վերջնական լրամշակման գործընթացը կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել է նաեւ վերոնշյալ համայնքների միավորման նախագծային առաջարկը: Հանձնաժողովի նիստերին մասնակցել են նաեւ համայնքների ղեկավարները եւ հնարավորություն են ունեցել ներկայացնել իրենց մտահոգությունները:
Որոշվել է նաեւ քննարկումները շարունակել տեղում, եւ այդ նպատակով 2009թ. հոկտեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա եւ Այրք գյուղեր է այցելել ՀՀ ՏԿ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, տեղում ծանոթացել ավագանու անդամների ու բնակիչների կարծիքներին ու մտահոգություններին, պատասխանել նրանց հուզող հարցերին, ներկայացրել անհրաժեշտ պարզաբանումներ:
Ներկայում, ինչպես նշվեց, հայեցակարգը պատրաստ է, կատարված են անհրաժեշտ վերլուծություններ ՀՀ մի քանի մարզերի համար, սակայն որեւէ պաշտոնական որոշում ո՛չ նշված, ո՛չ էլ այլ համայնքների մասով դեռ չկա: Բուն խոշորացման գործընթացի մեկնարկի ժամկետների վերաբերյալ որոշում դեռեւս չի կայացվել:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հույս ունենանք, որ վերջնական որոշում կայացնելուց առաջ հաշվի կառնեն ինչպես համայնքների բնակիչների, այնպես էլ համապատասխան մասնագետների կարծիքները:




Լրահոս