Հրապարակ. ԲՀԿ-ում արագ արձագանքման ջոկատներ են ստեղծում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է, որ թե ԲՀԿ-ում, թե ՀՀԿ-ում ավագանու ընտրությունների նախաշեմին տեղի է ունենում ընտրական ռեսուրսների խոշորամասշտաբ ինվենտարիզացիա:
ԲՀԿ-ն որոշել է ոչ մի միլիմետր չզիջել, ընդհուպ արագ արձագանքման “ջոկատներ”  ստեղծել, որոնք “արտաքին” եւ “ներքին” հսկողություն կիրականացնեն բոլոր 464 ընտրատեղամասերում` նկարելով, հաշվելով, թե քանի մարդ մտավ ընտրատեղամաս, քանիսը դուրս եկավ. “Սանտիմետրը դնելու՝ գծելու ենք, թե բակում քանի մետրից կարող ենք կանգնել-նկարել, մեկընդմիշտ բացառելու ենք շրջիկ` մոնղոլ-թաթարական խմբերի գոյությունը, որոնց վրա է ՀՀԿ-ի հիմնական հույսը: Ներսում չենք թողնելու որեւէ արդյունք փոխվի, երկու տեսախցիկ ենք տեղադրելու. մեկը մուտքի, մյուսը՝ հենց քվեատուփի վրա: Պահելու ենք մեր ձայները, ինչպես պահեցինք Գյումրիում. մի բան է ողջ Հայաստանում եղած 1988 տեղամասում ձայները պահելը, մեկ այլ բան` 464 տեղամասում”:
Մեր զրուցակցին հիշեցրինք, որ մայրաքաղաքում 18 դպրոցների տնօրեններ հանրապետական են, միայն մեկն է ԲՀԿ-ական, վարչական ռեսուրսը ՀՀԿ-ի ձեռքում է, ընտրական “տեխնոլոգիաները”` նույնպես, Երեւանն ընդդիմադիր է ոչ միայն ՀՀԿ-ին, այլեւ ԲՀԿ-ին, ավելին` այս անգամ, ի տարբերություն խորհրդարանականի, “վերեւներում” “որոշել” են, որ ԲՀԿ-ն փող չի բաժանելու. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ին “թույլ տրվեց” փող բաժանել միայն վերջին օրը: “Միեւնույն է, ՀՀԿ-ն այս ընտրություններում չի հավաքելու 40 տոկոս ձայն, իսկ ընտրություններից հետո սկսելու է քաղաքական նոր ցիկլ”,- ասաց քաջատեղյակ ԲՀԿ-ականը:




Լրահոս