ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԴԺԳՈՀ Է ՖՈՒՏԲՈԼԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստան-Չեխիա խաղում Հայաստանի հավաքականի պարտությունը բուռն արձագանքներ է առաջացրել հայ ֆուտբոլասերների շրջանում: Իրավիճակն  այնքան է  թեժացել, որ շատերը պահանջում են անգամ գլխավոր մարզչի հրաժարականը: Այս եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ԲՀԿ սառեցված անդամ Հրաչյա Ռոստոմյանի հետ:
-Պարո՛ն Ռոստոմյան, ինչպե՞ս եք վերաբերում մեր հավաքականի պարտությանը:
-Նախ պետք է նշեմ, որ Չեխիայի հավաքականն իրականում հզոր է, բայց միեւնույն ժամանակ մերոնց խաղն ընդհանրապես չգոհացրեց ինձ, եւ թե՛ տակտիկապես, թե՛ ֆիզիկական տվյալներով պարտվեցինք: Ոչ մի տակտիկական մշակում եւ ոչ մի պատրաստվածություն ես ինքս չտեսա, եւ հետո, բազմիցս եմ կրկնել ու հիմա էլ եմ կրկնում՝ կարելի է ասել, չունենալով պաշտպանություն, մենք չենք կարող լուրջ հայտ ներկայացնել եւ լուրջ խաղեր խաղալ: Եթե մարզիչը կտրուկ ճանապարհներ չգտնի պաշտպանությունը  ամրապնդելու համար, ապա լավ արդյունք ակնկալել հնարավոր չէ: Ամբողջ խաղի ընթացքում կիսապաշտպանների մոտ գնդակը չէր մնում: Նկատենք, որ մեր անցած տարվա հաջողություններն իսկապես մեր մրցակիցներին մեր խաղերը լուրջ ուսումնասիրելու առիթ են տվել:
-Ի՞նչ եք կարծում, մի՞թե մեր ֆեդերացիայի ղեկավարությունը չէր գիտակցում, որ լավ պաշտպանություն չունենք, թե՞ վերջին մի քանի հաջողությունները ստիպեցին ինքնագոհ եւ ինքնավստահ դուրս գալ խաղադաշտ՝ հուսախաբ անելով ֆուտբոլասերներին:
-Մի բան կարող եմ ասել, որ մենք պարտավոր ենք ե՛ւ մեր մարզիչներին, ե՛ւ մեր ֆուտբոլասերներին գովել: Մի պարտությունով պետք չէ խաչ քաշել` դա կլինի ֆուտբոլիստ, թե ծանրամարտիկ: Նրանցից ցանկացածն էլ, երբ դուրս է գալիս հրապարակ, չի ուզում պարտված լինել: Կրկնում եմ՝ ուղղակի պետք է պաշտպանության հարցը կարգավորել:
-Ըստ Ձեզ՝ միայն պաշտպանությո՞ւնն էր խնդիրը:
-Այո՛, թերեւս միայն դա:
-Ինչո՞ւ պատասխանատուները դա չէին հասկացել մինչ օրս. չե՞ք ասել նրանց:
-Կարծում եմ՝ ֆեդերացիան լուրջ հետեւություն կանի եւ լուրջ քայլեր կձեռնարկի: Մեր մակարդակը չի համապատասխանում, որ այսպիսի պարտություններ ունենանք: Իհարկե, ոչ մի ֆեդերացիա էլ չի ցանկանա, որ պարտություն կրի, եւ հետո էլ, ես նկատեցի, որ երկրորդ խաղակեսին մեր ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստվածությունն էլ էր թույլ:
-Ո՞վ է մեղավոր, որ ֆուտբոլիստը ֆիզիկապես լավ պատրաստված վիճակում չէ: Մարզի՞չը:
-Չէ՛, չէ՛, պետք չէ ամբողջ մեղքը գցել մարզչի վրա: Մարզիչը խաղը կառուցում է այնպես, որքան խաղացող նա ունի: Հիմա նա լավ պաշտպան չունի, ի՞նչ կարող է անել, կարո՞ղ է ունեցել է եւ չի դրել:
-Լա՛վ, եկե՛ք հասկանանք՝ ինչն է խանգարում, որ լավ պաշտպաններ ունենանք:
-Խորը չեմ ուսումնասիրել եւ, առհասարակ, կարծում եմ, որ նաեւ սերնդափոխությունը մեզ մոտ ուշացավ: Մի խոսքով, մեզ մոտ խնդիրները բազմաթիվ են, եւ մարզիչը պետք է իր մեջ ուժ գտնի:
-Որտեղի՞ց ուժ գտնի, եթե արդեն հրաժարականի դիմում է ներկայացրել:
-Գտնում եմ, որ դա ամենահեշտ տարբերակն է եւ միանշանակ հարցի լուծում չէ: Եթե Մորինյոն էլ գա մարզիչ, մեկ է, պաշտպանություն չունենալով՝ ամեն ինչ նույնն է լինելու:
-Ֆեդերացիայի մեղքը չե՞ք տեսնում այս ամենում:
-Չէ՛, չեմ տեսնում: Եթե հավաքները պատշաճ կազմակերպված չլինեին, տեխնիկական խնդիրները լուծված չլինեին, ապա կտեսնեի:
-Բայց այդ խնդիրն էլ է եղել: Մարդիկ, տոմսերը ձեռքներին, չեն կարողացել մտնել մարզադաշտ ու նայել խաղը:
-Այո՛, տեղյակ եմ, ինձ էլ են նամակներ գրել եւ բողոքել: Այդ հարցն ընթացքի մեջ է:
-Այսինքն՝ ինչ-որ քայլերի՞ եք պատրաստվում դիմել:
-Ֆեդերացիայի հետ կխոսենք, կհասկանանք, թե ինչն է խնդիրը, ու ըստ դրա՝ քայլեր կանենք: Մենք միշտ պատրաստ ենք մեր մարզիչներին քաջալերել, եւ կրկնում եմ՝ պետք չէ մեկ-երկու պարտությունով մարզիկի կամ մարզչի վրա խաչ քաշել, քանի որ նրանք մեզ ժամանակին ուրախացրել են:
-ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ՀՀ 2012թ. լավագույն մարզիկների տասնյակի ընտրությունն օրինական չէր համարել եւ նշել էր, որ եթե Դուք հրաժարվեք բանավեճի իր առաջարկից, ապա որպես ստեղծված իրավիճակի միանգամայն արժանապատիվ ելք՝ նա ակնկալում էր Ձեր հրաժարականը: Ի՞նչ կասեք այս մասին:
-Դա իր խնդիրն է:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս