ԼԻՍԿԱ-ՐԱՖՖԻ ԺԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՅԱՑԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 31-ին՝ Սուրբ Զատկի օրը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես եւ հայտարարել էր, դադարեցրեց հացադուլը եւ ուղեւորվեց Սյունիքի մարզի Կապան քաղաք, որտեղ ժամադրել էր Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին: Մարզպետն այդպես էլ չեկավ, իսկ Հովհաննիսյանին լավ չդիմավորեցին:
Հիշեցնենք, որ Հովհաննիսյանը հայտարարել էր, թե մարզային այցելություններով նպատակ ունի հավաքագրել բազմաթիվ քաղաքացիներից բաղկացած մի մեծ բանակ նոր Հայաստանի ձեւավորման ու հռչակման համար: Իսկ Կապանում Ր. Հովհաննիսյանի եւ քաղաքացիների միջեւ հանդիպումը նախատեսված էր մարզպետարանի շենքի դիմաց, որտեղ նա սպասելու էր Սյունիքի մարզպետին: Պատճառն այն էր, որ Սուրեն Խաչատրյանը դիտել էր անհայտ «ծագման» մի տեսանյութ, որտեղ Հովհաննիսյանի հայրը՝ հայագետ, պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը, ներկայացված է որպես պատմության կեղծարար, ինչի համար էլ վիրավորել էր թե՛ Ռիչարդ Հովհաննիսյանին, թե՛ Րաֆֆուն: Դրանից հետո Րաֆֆին մարզպետին ժամադրեց Կապանում:
Հովհաննիսյանը, ողջունելով կապանցիներին, հայտարարեց, որ Զանգեզուրը ոչ մեկի սեփականությունը չէ. «Մենք բոլորս գիտենք արդյունքները, պաշտոնական տվյալներով անգամ հաղթել էր Կապանը: Իրենք կեղծում են, ստում են ժողովրդի ձայնը՝ Նժդեհ ասելով, հետո խմում Նժդեհի կենացը՝ հարամելով նրա հիշատակը: Բայց կգա օրը, եւ նրանք կկանգնեն ժողովրդի դատարանի առաջ: Եթե պարոն Խաչատրյանն ինձ ասելիք ունի, ծեծել, ջարդել, ինչն իր սովորությունն է, ուրեմն ես եկել եմ, այստեղ եմ: Իմ կյանքի հերոսի՝ իմ հոր մասին այդպիսի ստեր է ասել, որ չեմ էլ ուզում, որ այդ մեծությունը եւ այդ ոչնչությունը լինեն նույն նախադասության մեջ»:
«Ժառանգության» առաջնորդի ելույթին անընդհատ միջամտեց մի կապանցի կին՝ պաշտպանելով Սյունիքի մարզպետին: «Մեռելոցը ինչի՞ եք խանգարում, ինչի՞ եք կռվածների անունը տալիս: Պատասխանե՛ք, թե դուք ինչ օգուտ եք արել էս երկրի համար: Դուք խանգարեցիք պատարագը: Դուք Ձեր հայտարարություններով իրադրություն եք ապակայունացնում, Դուք ժողովրդի համար ոչինչ չուզեցիք Սերժ Սարգսյանից, միայն բարձր պաշտոններ ուզեցիք: Գյուլլան Ձեր երեխաներին ո՛չ կպել ա, ո՛չ էլ կպնելու ա: Զարմանում եմ, նախագահի պաշտոնին հավակնող մարդը կեղտոտ, մաշված ջինսով եկել կանգնել է ժողովրդի առաջ»,-բարձրաձայն գոչեց տիկինը՝ սկսելով վիճել նաեւ հավաքի մասնակիցների հետ: Վեճին միացավ եւս մեկ տղամարդ, որը փորձում էր անպատվել Րաֆֆուն: Մի խումբ երիտասարդներ էլ սկսեցին գոռալ՝ «Րաֆֆի՛, հեռացի՛ր»:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը ստիպված եղավ հայտարարել. «Պարո՛ն Լիսկա, Դուք նորից բռնել եք անօրինական ճանապարհը, գործուղում եք մարդկանց այստեղ, այդ անօրինական ճանապարհը տանում է դեպի Նուբարաշեն, Ձեր տեղն այնտեղ է»:
Սիսիանում եւ Գորիսում մթնոլորտն ավելի խաղաղ էր, որտեղ մարդկանց թիվը քիչ էր: Հովհաննիսյանը եղավ նաեւ Եղեգնաձորում՝ նշելով, որ գնալու է նաեւ Արարատի մարզ, որը, նրա խոսքով, ամենախայտառակ կուսակցականացված ու ընտրախախտ մարզն է:
Հ.Գ. Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը «Ազատության» հետ զրույցում նշել էր, որ Կապանում տեղի ունեցած միջադեպերի հետ ինքը որեւէ կապ չունի: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպմանը չէր ներկայացել պարզ պատճառով. եթե Րաֆֆին ասելիք ուներ, թող մտներ մարզպետարան եւ ասելիքը շարադրեր:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս