“Իրատես de facto” թերթի հստակ տեղեկություններով` հունիս ամսին Սերժ Սարգսյանը կմեկնի Լեհաստան: Ինչ ասել է Լեհաստան` բոլորը գիտեն: Վերջինս հետխորհրդային երկրների արեւմտյան կուրատորն է, այնտեղից են “ծագել” բոլոր կարգի “գունավոր” հեղափոխությունների արեւները:
Սերժ Սարգսյանի այցն այս փուլում հետաքրքիր է մի շարք առումներով. նախ` դարի դիլեմայի. այն է` Մաքսային միությո՞ւն, թե՞ ԵՄ հարեւանություն եւ ասոցացման համաձայնագիր: Եվ ապա, ԵՄ երկրների դոնորների` նոյեմբերին սպասվող համաժողով:
Ու եթե սրան էլ գումարում ենք այն հանգամանքը, որ օրերս Լեհաստանում էր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ով, ի դեպ, հանդիպել էր ոչ միայն Լեհաստանի իր պաշտոնակցի, այլեւ, ոչ ավել-ոչ պակաս, երկրի նախագահ Բ. Կոմորովսկու, Սենատի նախագահ Բ. Բորուսեւիչի հետ, ու, ոչ ավել-ոչ պակաս, տնտեսական հարցերի, հայ-լեհական առեւտրաարդյունաբերական պալատ ձեւավորելուն զուգընթաց, քննարկել ռազմական արդյունաբերությանը վերաբերող հարցեր, կարեւորելով “Լյուբավա” ընկերության եւ ՀՀ պաշտպանության նախարարության Չարենցավանի հաստոցաշինական գործարանի միջեւ ստորագրված հայ-լեհական համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին համաձայնագիրը:
Այդ իսկ պատճառներով Սերժ Սարգսյանի այցը հեղափոխությունների կենտրոն բավականին նուրբ եւ հետաքրքիր իմաստներ է ստանում”,- գրում է “Իրատես de facto”-ն: