Շուտով դատարանի առաջ կկանգնեն Գրիգոր Աբովյանն ու Հակոբ Կանոյանը Երևանի “Ձեթ-օճառ” գործարանի լաբորատորիայից իրացնելու նպատակով 0.135լ ծավալով և 1828.58 գրամ կշռով թունավոր նյութ հանդիսացող մետաղական սնդիկ ապօրինի ձեռք բերելու վերաբերյալ գործով: Այն կքննվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատարանում՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ:
Այսպես, ըստ մեղադրանքի, Գրիգոր Աբովյանը՝ 1999թ. գործով չպարզված օրը և ամսին, աշխատելով Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործող “Ձեթ-օճառ” գործարանում, նշված ընկերության լաբորատորիայից իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և իր մոտ պահել մետաղական սնդիկը, որից հետո նախնական համաձայնության գալով իր ընկեր Հակոբ Կանոյանի հետ, իրացնելու նպատակով այն հանձնել է նրան: Վերջինս էլ իրացնելու նպատակով թունավոր նյութն ապօրինի պահել է իրենց` Երևանի Շիրակի փողոցի 2ա շենքին հարակից կամրջի տակ, այստեղից էլ 22.01.2013թ. ոստիկանության աշխատակիցների կողմից թունավոր նյութը հայտնաբերվել է:
Գրիգոր Աբովյանին և Հակոբ Կանոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խիստ ներգործող կամ թունավոր նյութերի ապօրինի շրջանառությունը դրանք իրացնելու նպատակով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:
“Փաստինֆո”