«ԻՄ ՁԵՌՔՈՎ ԵՆ ՀԱՆՎԵԼ, ՇԱՏ ԷԼ ԼԱՎ ԵՄ ԱՐԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռեժիսոր ՍՈՒՐԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ վերջերս է նշանակվել «Երեւան» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնում եւ արդեն իսկ հասցրել է 8 նոր հաղորդում ներկայացնել հեռուստադիտողին, մոտակա երկու շաբաթվա ընթացքում էլ ծրագրում է եւս 6 նոր նախագիծ սկսել: Նոր պրոդյուսերը մի քանի հին հաղորդումներ է հանել եթերից, ինչը վրդովվեցրել է «Երեւան» հ/ը նախկին  հաղորդավարուհի Դինա Ակոպովնային, որը նաեւ «Օրը ցերեկով» եւ «Մեր հիթերը» հաղորդումների պրոդյուսերն էր: Մեզ հետ զրույցում Դինան ասաց, թե ինքն իր կամքով է հեռացել հեռուստաընկերությունից, իսկ ահա Սուրենից լրիվ ուրիշ տեսակետ լսեցինք:
-Վերը նշված հաղորդումներն իմ ձեռքով են հանվել, շատ էլ լավ եմ արել: Ես երբեք այս թեմայի շուրջ չեմ խոսել, չէի էլ ցանկանա մանրանալ, եթե Դինա Ակոպովնան չխոսեր: Թող կոպիտ չհնչի, բայց իմ սուբյեկտիվ կարծիքով նա՝ որպես հաղորդավարուհի, իրենից ոչինչ չի ներկայացնում: Նորմալ հեռուստաընկերությունում անգրագետ եւ փողոցի բառապաշարով հաղորդավարուհին իրավունք չունի ամեն օր մեկ ժամ ուղիղ եթերում լինել: 1994 թվականից ես հեռուստատեսությունում եմ աշխատում, ղեկավարել եմ 3 հեռուստաընկերություն, համագործակցել եմ եւս 6 հեռուստաընկերությունների հետ, ու բոլոր պրոֆեսիոնալ մարդիկ հասկանում են, թե ես ինչի մասին եմ խոսում: Թե հիմա ինչ ու ոնց է եղել այս հեռուստաընկերությունում, իմ հարցը չէ: Ես եկել եմ մի հեռուստաընկերություն, ու սեփականատերերի հետ եկել ենք ընդհանուր համաձայնության, ես անում եմ ամեն ինչ, որ այդ հեռուստաընկերությունը դառնա լավագույններից մեկը: Պարզապես Դինան մոռանում է, թե ինչքան բան է արվել իր համար: Նույն «Մեր հիթերը» նախագիծը, որի պրոդյուսերն է նա իրեն համարում, իմ նվերն է իրեն, որով 2-3 տարի նա գումար է աշխատել: Իրականում դա իմ «Աստղային հիթ շքերթ» նախագիծն է, այն ես եթեր եմ մտցրել դեռ 2006 թվականին TV5 հեռուստաընկերությունում, որի գլխավոր պրոդյուսերն էի  այն տարիներին: Չեմ ուզում իջնել իր մակարդակին, բայց Դինայի՝ Ձեզ տված հարցազրույցում կային շատ զվարճալի պահեր: Նշեմ միայն մեկը` նա ասում է, որ ինձ ինչ-որ բանով աջակցել է Իսպանիայում, Ամերիկայում… Նա ի՞նձ… Ակոպովնա՛, դու գոնե գիտե՞ս՝ որտեղ է գտնվում Իսպանիան: Աստված քեզ հետ: Ամենավտանգավոր բանն անշնորհակալությունն է:
-Լա՛վ, եկե՛ք անդրադառնանք Ձեզ որպես քաղաքացի: Ես նկատել եմ, որ Դուք բավական ակտիվ օգտատեր եք «Ֆեյսբուք»-ում ու արագ եք արձագանքում տարբեր իրադարձությունների: Ներքաղաքական իրավիճակի մասին ի՞նչ կասեք:
-Հետեւում եմ ամեն ինչին, բայց եւ գիտեմ, որ ժողովուրդը մասնագիտացած չէ քաղաքական ասպարեզում, ես ինքս էլ չեմ առնչվում, անկեղծ ասած, ժամանակ չունեմ, նախընտրում եմ աշխատել, իմ գործն անել ու անել լավ: Ես ո՛չ սերժական եմ, ո՛չ րաֆֆիական, բայց ինձ մեկ չէ իմ երկրի ապագան, պարզապես ես ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ դեպքում չեմ տեսնում իմ երազած Հայաստանը:
-Սովորաբար բոլորը հեռանում են Հայաստանից, դուք Իսպանիայից հետ եկաք Հայաստան:
-Ես իմ կյանքի ընթացքում երեք անգամ եմ վերադարձել Հայաստան: Մի անգամ Մոսկվայից, մյուս անգամ` Իսպանիայից, իսկ այս անգամ էլ` Լոս Անջելեսից: Ինձ թվում է՝ դա իմ ճակատագիրն է: Ֆինանսական դժվարություններ կան ամեն տեղ, բնականաբար, ես այստեղ աշխատում եմ շատ ավելի քիչ, քան այն երկրներում, որտեղ ապրել եմ, թող ամպագոռգոռ չհնչի, բայց նախընտրում եմ հաց ու պանիր ուտել Հայաստանում, քան սեւ խավիար ԱՄՆ-ում: Բայց չեմ կարող ասել, որ Հայաստանից էլ երբեք չեմ բացակայի: Երեւի իմ կյանքի ռիթմն ու ձեւն էնպես է, որ որոշ ժամանակ աշխատում եմ այստեղ, որոշ ժամանակ՝ դրսում:
-Կա՞ մի բան, ինչի կարիքն ունեք այսօր:
-Մի քիչ հանգստության ու հասկացվածության: Ես շատ ցավոտ եմ տանում այն ամենը, ինչ կատարվում է մեր ներքաղաքական դաշտում: Ես իմ աշխատանքով եմ պայքարում:  Թող այդ անիմաստ գոռգռացողների 90 տոկոսն իր աշխատանքով պայքարի ու մի բան ստեղծի, այդ դեպքում ոչ մեկ էլ չի գնա այս երկրից, այլ կմտածեն՝ ոնց հետ գան: Ես դա տեսել եմ, զգացել իմ մաշկի վրա շատ երկար տարիներ: Դրսում ապրելով՝ Հայաստանի կարոտ ես ունենում: Չգիտեմ, թե ասածիս համար ինչքան չուզողներ կունենամ, բայց այս իրավիճակն ինձ համար մի շատ վատ սցենարով գրված խաղ է, որ մի պահ եկավ ու սցենարից դուրս եկավ, իմպրովիզ սկսվեց: Հիմա մենք բոլորս մի վատ ներկայացում ենք նայում:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս