ՕՊԵՐԱՅԻ ՍՐՃԱՐԱՆՆ ՈՒ ԴԱՏԱՐԿ ՔԱՐՈԶԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի՝ վերջին քսան տարիների “լավագույն քաղաքապետ” Տարոն Մարգարյանի թողտվությամբ կառուցապատվում են Օպերայի հարակից կանաչ տարածքի վերջին պատառիկները: Ընդ որում, դա արվում է  ցուցադրական լկտիությամբ` թքած ունենալով իշխանությունների եւ մասնավորապես` Երեւանի քաղաքապետարանի նկատմամբ երեւանցիների  ունեցած համընդհանուր դժգոհության  վրա. առանց համապատասխան իրազեկող վահանակի, առանց կառուցվող  օբյեկտի շուրջ հանրային քննարկումների, առանց անգամ  քաղաքապետարանի կողմից տրված թույլտվության ներկայացման: 
Մինչդեռ ընդամենը մի քանի օր առաջ, երբ հացադուլ հայտարարած “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համար նրա կողմնակիցները փորձում էին վրան տեղադրել, Երեւանի քաղաքապետարանը  դա արգելեց` հանդես գալով  Օպերայի շենքի` պատմամշակութային արժեք լինելու մասին ուղղակի խայտառակ  մի բացատրությամբ:  Եվ  հիմա, երբ  Ազատության հրապարակը սակավամարդ է, եւ Րաֆֆի Հովհաննիսյանի սկսած շարժումն էլ կարծես թե մարում է,   իշխանություններին արդեն սկսում է թվալ, թե  իրենց դեմ էլի խաղ չկա,  ուստի կարելի է սկսել Օպերայի հարակից պուրակի դեռեւս ազատ մնացած հատվածի սրճարանապատումը: Ընդ որում, կասկածից  դուրս է, որ այդ հերթական սրճարանը կկառուցվի, եւ Սերժ Սարգսյանն էլ չի գնա ու ասի` Տարո՛ն, գեղեցիկ չէ, քանի որ դրա կարիքն այլեւս չկա: 
Իշխանություններին արդեն իսկ հաջողվել է հեղինակազրկել բոլոր ինստիտուտները, անգամ ընդամենը ամիսներ առաջ լուրջ հույսեր ներշնչող քաղաքացիական նախաձեռնությունները: Երբ շուրջ երկու ամիս պայքարելով Մաշտոցի պուրակի համար, քաղաքացիական ակտիվիստներն  ի վերջո  ուրախությամբ ընդունեցին Սերժ Սարգսյանի հակաօրինական` հարցերը “գեղական կարգով” լուծելու հորդորը, դրանով պարզապես ինքնախեղեցին ողջ պայքարի տրամաբանությունն ու արժեհամակարգը` հանգուցալուծումը իջեցնելով  մինչեւ կոնկրետ պաշտոնյայի քմահաճույք: Հիմա էլ այդ նույն պաշտոնյայի քմահաճույքով  կառուցվում է  այս հերթական այլանդակությունը (կարծում ենք` որեւէ մեկը չի մտածում, որ Օպերայի հարակից պուրակում կարելի է սրճարան կառուցել առանց Սերժ Սարգսյանի “դաբրոյի”): 
Եվ փոխանակ երեւանցիների համակրանքը շահելու համար Տարոն Մարգարյանը ապամոնտաժեր Օպերայի հիասքանչ շենքը ստվերող անճաշակ սրճարանները, նա դրանք ավելացնում է: Իսկ պատճառն այն է, որ Հայաստանի քաղաքացու կամ տվյալ դեպքում` երեւանցու ձայնը ոչինչ չի նշանակում իշխանությունների համար: Գլխավորը ձայն բերող թափթփուկների ցանկությունների բավարարումն է: Ու այս դեմքով էլ Տարոն Մարգարյանը ժամանակից շուտ քարոզչություն է սկսել:
“Ժողովուրդ” օրաթերթի 512 համար




Լրահոս