Ժառանգությունե կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն արձագանքել է ոստիկանության` երեկա արված հայտարարությանը.
Ապրիլի 8-ին ՀՀ Ոստիկանությունը տարածել է մի հայտարարություն, որում իրեն թույլ է տվել իր լիազորությունները գերազանցող գնահատականներ, ապաեւ հենվելով իր իսկ անհեթեթ գուշակությունների եւ կռահումների վրա՝ նաեւ զրպարտչական բնույթի որակումներ տվել իմ գործողություններին:
Իր պաշտոնական պարտականությունները վերջին օրը կատարող Սերժ Սարգսյանին եւ նրան ենթակա իրավապահ մարմինների ղեկավարներ Վլադիմիր Գասպարյանին, Գորիկ Հակոբյանին եւ համապատասխան հարգարժան մյուս պաշտոնյաներին հայտնում եմ, որ այսօր կեսօրից դուք այլեւս դադարում եք ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովրդին: Ես ձեր տարածած հակասահմանադրական հայտարարության հետքերով պահանջում եմ ձեր հրաժարականը: Այլապես, եթե իմ կազմակերպած հավաքները, ինչպես դուք եք ասում, “հակաիրավական, այդ թվում՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված գործողությունների դիմելու միտումե են պարունակում, իսկ դրանց խաղաղ բնույթը` “կախված իրավիճակի զարգացումից, կդառնա մասամբ կամ ամբողջովին բովանդակազուրկ”, ապա հենց այսօր կեսօրին եկեք Ազատության հրապարակ եւ ձերբակալեք ինձ: Այնտեղ ես իսկապես պատրաստվում եմ ստանձնել հայ ժողովրդի կողմից փետրվարի 18-ին ինձ վստահված պարտականությունները:
Թող հստակ լինի հայ ժողովրդին աշխարհով մեկ՝ Հայաստան, Արցախ եւ Սփյուռք, որ սա ոչ թե Րաֆֆիի հաղթանակն է եւ ոչ էլ Սերժի պարտությունը, այլ համայն հայ ժողովրդի հարությունը, վերածնունդը ազգի, վերելքը պետության:
Թող հստակ լինի նաեւ ձեզ. Հայրենիքը հավերժ է, եռագույնը՝ սուրբ, իսկ դուք, ընկերներ, ինձ հետ մեկտեղ ոչինչ եք մեր հայրենիքի, մեր սերունդների եւ մեր ժողովրդի իշխանության դիմաց:
Բարով մնանք: