Երեկ կառավարության նիստն աչքի ընկավ իր ակտիվությամբ, քանի որ ե՛ւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ե՛ւ նախարարները փորձում էին հարցեր ուղղել զեկուցողներին: Ու երբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հարց ուղղեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին, տհաճ միջադեպ գրանցվեց:
«Որքանո՞վ է նպատակահարմար Գյուղատնտեսական ինստիտուտում պատրաստել տնտեսագետներ ու ֆինանսիստներ, եթե նրանց մասնագիտական կարողությունները ցածր են լինելու Տնտեսագիտական համալսարանում պատրաստվածներից»,-այս հարցը վարչապետն ուղղեց Արմեն Աշոտյանին: ԱԻ նախարար Արմեն Երիցյանը վարչապետին խնդրեց մի լրացում կատարել հարցին՝ նշելով. «Պոլիտեխնիկական համալսարանում պատրաստում են արտակարգ իրավիճակների մասնագետներ, որոնք լիարժեք ուսուցում չեն անցնում ու շատ հաճախ մեզանից մասնագետներ են ուզում՝ դասավանդելու համար»: Նախարարի հարցից Աշոտյանն անակնկալի եկավ ու ասաց, թե այդ հարցի մասին առաջին անգամ է լսում: «Երբ պարոն նախարարն ընտրարշավից վերադառնա, այդ ժամանակ էլ հարցը կքննարկենք»,-«տակից դուրս եկավ» Աշոտյանը, ինչից հետո բոլորի դեմքին ժպիտ առաջացավ:
Այս առիթով նիստի ավարտից հետո «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հետ:
-Պարո՛ն Երիցյան, Արմեն Աշոտյանի պատասխանից հետո ինչո՞ւ լռեցիք:
-Այդտեղ հակադարձել կամ չհակադարձելու խնդիր չկար: Նա իմ հարցին պատասխանեց, որ խնդրին չի տիրապետում, անգամ նշեց, որ առաջին անգամ է լսում: Ծիծաղելով ասաց, որ ընտրություններից վերադառնա, այդ հարցը կքննարկենք, ես էլ իրեն պատասխանեցի, որ շնորհակալ եմ, անպայման: Կարծում եմ՝ այլ բան պետք չէր ասել կամ հեգնել, մենք գործընկերներ ենք, ու ես այդ ամենի կարիքը չեմ տեսնում:
-Չե՞ք կարծում, որ Արմեն Աշոտյանը Ձեր հարցին քմծիծաղով պատասխանեց ու քաղաքականացրեց հարցը՝ կարծես թե նպատակ ունենալով վիրավորել Ձեզ:
-Չեմ կարծում, նորմալ ժպտալով պատասխանել է: Ես որ չեմ ցանկանում այդ հարցը քաղաքականացնել, քանի որ իսկապես իմ բարձրացրած հարցը շատ լուրջ է: Իհարկե, հասկանում եմ՝ այս ժամանակահատվածում բոլորն էլ նման հարցերին այլ տեսանկյունից են նայում, բայց պետք չէ ուղղակի լարել մթնոլորտը: Նաեւ նշեմ, որ մենք նիստի ավարտից հետո զրուցեցինք, ու ինքը մեկ անգամ եւս նշեց, որ իսկապես տեղյակ չի եղել այդ խնդրին:
ԱՇՈՏՅԱՆԸ ՉԷՐ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ ՀԱՐՑԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ