ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍՏՎԵՐՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆ
«Ձկան պահածո, թեյ, ապակե տարա. այս ապրանքների համար ՏՄՊՊՀ-ն 40-50 ընկերություն է նշել, 50-ն էլ ներկրող, արտադրող չկա, բայց ես գիտեմ, որ տեղական արտադրողներ կան, սա կարո՞ղ է նշանակել, որ հանձնաժողովը պաշտոնապես ընդունում է ստվերը»,-երեկ ԱԺ-ում հարցրել է ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Ի պատասխան՝ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է. «Նշված շուկաներով, բնականաբար, ավելի քիչ է հավանական, որ կարող են լինել արտադրող ընկերություններ: Նույն ապակիների շուկան… մենք հանրապետությունում չունենք ապակու արտադրության համար անհրաժեշտ հումքի բազա, հետեւաբար ապակին՝ որպես այդպիսին, պետք է ներկրվի կամ հումքը ներկրվի, տեղում արտադրվի: Նույնը եւ ձկան պահածոների շուկայում»:

ՏԱՐՈՆՆ ԱՊԵՐՈՅԱԿԱ՞Ն Է
Արաբկիր վարչական շրջանում ՕԵԿ-ի երեկվա նախընտրական հանդիպման ընթացքում Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը բավական սուր քննադատություն է հնչեցրել ՀՀԿ-ական քաղաքային իշխանությունների հասցեին. «Ինչքանո՞վ է քաղաքը դարձել բարեկեցիկ, հարմարավետ, ինչքանո՞վ է բարձրացրել ծառայությունների որակը: Ո՞ւր են այդ աշխատանքները: Ո՞վ պետք է կատարեր: Ո՞ւր են մեր ավագանիները: Ի դեպ, եթե այս դահլիճում հարցում կատարեք, 65-ից 5 ավագանու անդամ չեն կարող նշել»: Շահինյանը վստահեցրել է, որ եթե իրենք հաղթեն, ապա իրենց թեկնածուի` Արմեն Երիցյանի դեպքում. «Չեն կարող այդ ապերոյական, տղայական, օլիգարխական, թաղային ինչ-որ ուժեր բերել ու ներկայացնել իրենց հաճելի ու հանձնարարությունները կատարող վայ չինովնիկներին»:

ԻՐԵՆՑ ԵՆ ՁԵՌ ԱՌՆՈ՞ՒՄ
ՀՀԿ կենտրոնական շտաբը երեկ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Շահագրգիռ լինելով ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպմամբ  եւ իրականացմամբ՝ ՀՀԿ-ն դատապարտում է ընտրությունների վրա ստվեր ձգող ցանկացած երեւույթ, այդ թվում նաեւ ընտրակաշառք, եւ իր լիազորությունների շրջանակում  հետամուտ է լինելու, որպեսզի նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքն ու բուն քվեարկությունն իրականացվի բացառապես Ընտրական օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան»: Այս հայտարարությունից միակ ճանապարհն այն է, որ ՀՀԿ-ն ինքնաբացարկ հայտնի, քանի որ միայն այդպես է հնարավոր ապահովել ընտրությունների օրինական ընթացքը` առանց ընտրակաշառքների եւ ընտրությունների վրա «ստվեր ձգող երեւույթների»:

ԽԵՂՃ ՖԻԶԻԿԱ
ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը բացառիկ դրական հիշողություններ ունի՝ կապված «Ա1+»-ը եթերազրկելու հետ: «Որովհետեւ հանձնաժողովը ցուցաբերել է բարձր սկզբունքայնություն եւ մրցույթների կազմակերպման ժամանակ տեղի չի տվել որեւէ ճնշման»,-«Շանթ» հ/ը-ին ասել է արդեն գործազուրկ Ամալյանը, որը պատրաստվում է վերադառնալ իր հին` ֆիզիկոսի մասնագիտությանը։

ԴԱՇՏԸ ՏՈՒԺՈՒՄ Է
«Հայկական լրագրությունը մեծապես տուժում է ինտերնետային մեդիայի լայնամասշտաբ զարգացման հետեւանքով` դաշտը հեղեղած ոչ պրոֆեսիոնալ լրագրողների ու խմբագիրների գործունեությունից»,-ըստ «Ազատության»՝ ասված է IREX-ի ամենամյա զեկուցման մեջ:




Լրահոս