«Թատրոնում խնդրի մասին խոսում ենք հումորով, բայց մարդիկ հեռանում են արցունքն աչքերին» (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան Մխիթար Ավետիսյանը, ով հանդես է գալիս Սոս Սարգսյանի անվան պետական համազգային («Sale», «Իմ խեղճ Պետրոս», «Վիշապ» եւ այլն), Երեւանի պետական կամերային թատրոններում («Կառավարական համերգ», «Ալբանիա+», «Ի զեն», «Նազա՛ր, Նազա՛ր մինչեւ վերջ» եւ այլն), հեռուստադիտողներին հայտնի է մի շարք հաղորդումներից եւ ֆիլմերի կրկնօրինակումներից, «Ժողովուրդ»-ի հետ զրուցել է թատերական կյանքին առնչվող թեմաների շուրջ, նշել, որ մենք թատերասեր հանրություն ունենք:

-Մխիթա՛ր, զուգահեռաբար խաղում եք Համազգային եւ Կամերային թատրոններում: Երկու տարբեր բեւեռներում ազատ «լողալ» ստացվո՞ւմ է:

551964bb1b6ff_medium

-Տարբեր չեն. թատրոն հասկացությունը մեկն է` նույն բեմն է, դերասանները, ռեժիսորը, դեկորացիան, ներկայացումն ու հանդիսատեսը… Երկու թատրոններն էլ դաստիարակչական մեծ աշխատանք են տանում, պարզապես Կամերայինում խնդրի մասին խոսում ենք ժպիտով, հումորով, բայց արի ու տես, որ մարդիկ այնտեղից հեռանում են արցունքն աչքերին: Այսինքն` հումորով ասված խոսքն էլ կարող է խորը լինել:

-Թատրոններ կան, որոնք հանդիսատեսի պակաս չունեն, կան նաեւ այնպիսիք, որոնք ունեն իրենց նեղ, սպեցիֆիկ հանդիսականը: Ի՞նչ անել, որպեսզի քանակն ու որակն այս դեպքում ճիշտ հարաբերակցության մեջ լինեն, ո՛չ մեկը տուժի, ո՛չ մյուսը:

big_1386758562_1323264_ts1386758625

-Կարծում եմ` թատերասեր հանրություն մենք ունենք: Վերջերս հիվանդանոցում էի, այնտեղ քույրեր, բժիշկներ կային, որոնք ասացին, որ դիտել են իմ մասնակցությամբ ներկայացումներ, տպավորված են եւ այլն: Այսինքն` ամենատարբեր բնույթի, մասնագիտության մարդկանց մեջ կան թատերասերներ, ու նաեւ նրանց միջոցով է շնչում թատրոնը:

-Ըստ Ձեզ` ի՞նչը կարող է պատճառ դառնալ, որ դերասանը ետընթաց գրանցի: Ինքնաքննադատության գործոնը որքանո՞վ եք կարեւորում:

-Այդ ռեգրեսը գրանցվում է այն ժամանակ, երբ դերասանը սկսում է որոշ ժամանակահատվածում զբաղվել միայն ընթերցանությամբ: Այդ դեպքում նա դառնում է թատերագետ կամ քննադատ: Այսինքն` սկսում է ուրիշներին քննադատել: Իսկ երբ նա գործնականում զբաղվում է իր սիրելի գործով, երբեք չի քննադատում դիմացինին. ինքն իրեն է քննադատում:

-Գուցե նաեւ այն պատճառով, որ գիտակցում է` ինքն էլ կարող է երբեւէ սայթաքել…

-Սայթաքելու վերաբերյալ գիտակցությունն, առհասարակ, անհրաժեշտ է «անջատել», այդ մտքերով պետք չէ ապրել: Իսկ գիտե՞ք՝ մարդ երբ է սայթաքում. երբ շատ է տարված ինքն իրենով, իսկ կեղծը շատ արագ պարզվում է…

-Այսօր, կարծես, երիտասարդ հայ դրամատուրգների պակաս ունենք: Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ, որոնք ծնունդ կտան նոր խոսքին:

big_1336977533_3771471_ts1336977628

-Իսկ ո՞վ ասաց` երիտասարդ դրամատուրգներ չունենք. գուցե կան, բայց չեն երեւում, գուցե մե՞նք չենք կարողանում նրանց ըստ արժանվույն գնահատել, գուցե ընթերցողի պակա՞ս ունենք կամ նախապատվությունը տալիս ենք օտարազգի՞ դրամատուրգներին: Գուցե մեկն իրենց տանը թուղթ ու գրիչն առած գրու՞մ է…Այդպիսիք կան, չեն կարող չլինել…

-Կա՞ն բաներ, որ դերասանը երբեք չպետք է անի:

-Նա չպետք է մեծամտանա, դառնա փառամոլ, չպետք է մոռանա իր ուսուցիչներին եւ պետք է ունենա շատ-շատ հարուստ հոգի, որտեղ բոլորին «կտեղավորի»:

-Ձեր տեսած ամենատպավորիչ ներկայացումը ո՞րն է եղել:

-Չգիտեմ, բարդ է…Չեմ տեսել, երեւի…

-Կա՞ն գրքեր, որոնք դերասանի համար պարտադիր ընթեցանության շարքից են:

-Մի բան կասեմ միայն. նա պետք է այնքան կարդա, որ վերջապես հասկանա, թե դա որ գիրքն էր…

-Այդ դեպքում, գուցե, հասկանա, որ նման գիրք պարզապես չկա…

-Գուցե:

Աննա Բաբաջանյան




Լրահոս