ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ՄՆԱՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին մնացել է երկու տարի: Եվ եթե ընդամենը հինգ տարի առաջ համայն հայության եւ սփյուռքի մոտ հարյուրամյա այդ հանգրվանից լուրջ սպասելիքներ կային, ապա այսօր դրանք արդեն, ըստ էության, հավասարվել են զրոյի: Հարյուրամյա տարելիցից որեւէ բեկումնային սպասելիք չունենալու հորդորով երկու տարի առաջ հրապարակավ հանդես եկավ այդ սպասելիքներն ի դերեւ հանած Սերժ Սարգսյանը` նշելով, որ դա ընդամենը մի կարեւոր հանգրվան է լինելու, որից հետո, սակայն, մենք շարունակելու ենք մեր պայքարը: Այսօր արդեն նույնաբովանդակ հայտարարություններ են անում նաեւ տարբեր պալատական գիտնականներ, այդ թվում եւ` Երեւանի ավագանու ՀՀԿ-ական թեկնածու, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, որը նաեւ երկու տարի առաջ ստեղծված «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող համահայկական հանձնաժողովի»  նախագահն է: «2015-ին զուտ էստաֆետ կփոխանցվի հաջորդ սերնդին»,-ասում է Դեմոյանը, որի գլխավորած հանձնաժողովն անցած երկու տարիների ընթացքում, բացի մի քանի գիտաժողովներ անցկացնելուց, որեւէ լուրջ ծրագիր չի իրականացրել: Բնականաբար, դա միայն Դեմոյանի մեղքը չէ, դրա համար անհրաժեշտ են ամենաբարձր մակարդակով ամենօրյա հոգածություն եւ շատ լուրջ ֆինանսական միջոցներ: Իսկ գիտնականների գործն այն պետք է լինի, որ ապահովեն լուրջ, ցանկացած քննադատության հակազդող գիտական նյութեր, որոնք դարձյալ ֆինանսական միջոցների առկայության պայմաններում պետք է հրատարակվեն, եւ ամենակարեւորը, ըստ ճշգրիտ հասցեների ու թիրախների` տարածվեն: Սակայն այսօր անգամ դա չի արվում անհրաժեշտ որակով ու ծավալով: Մինչդեռ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը պետք է լիներ մեր պետության կարեւորագույն ռազմավարական խնդիրը, որին նախապատրաստվելուն պետք է ծառայեցվեր ՀՀ ողջ ներուժը` քաղաքական, ֆինանսական, մշակութային: Այդ նույն հանձնաժողովը պետք է  բաղկացած լիներ ոչ միայն գիտնականներից, այլեւ լրջագույն մեդիա մասնագետներից, դիվանագետներից, քաղաքական գործիչներից, ՊՌ մենեջերներից, եւ ամենակարեւորը` մեծահարուստներից: Ու բազմահատոր նյութերի հրատարակությունից առավել, պետք է շեշտը դրվեր Հոլիվուդում գոնե մեկ ցնցող ֆիլմ նկարելու վրա: Դրա մասին անցած տարիներին մի քանի անգամ խոսվեց, սակայն ամեն անգամ էլ գործը կիսատ մնաց` շնորհիվ թուրքական կողմի հզոր հակազդեցության: Ի տարբերություն մեզ՝ Թուրքիան շատ լրջորեն է պատրաստվում. արդեն իսկ նկարահանվել են մի քանի տասնյակ  ֆիլմեր, ստեղծվել  են թուրքական սփյուռքի հզոր կառույցներ, որոնք կոչված են վիժեցնելու հայկական Սփյուռքի ջանքերը: Դրա առաջին ծիծեռնակները երեւացին արդեն երեկ` Հունաստանում եւ հատկապես Կանադայում:




Լրահոս