Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ իրականացվող վարույթը կավարտի մինչեւ մայիսի 13-ը:
Այս մասին “Փաստինֆո”-ին հայտնեցին հանձնաժողովից` հավելելով, որ վարույթի ընթացքի մասին որեւէ տեղեկատվություն առայժմ չի հրապարակվում:
Հիշեցնենք. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ՊԵԿ նախագահի նկատմամբ վարույթ հարուցելու մասին որոշում էր կայացրել ապրիլի 13-ին: Վարույթի ավարտին հանձնաժողովը պետք բացահայտի կա արդյոք շահերի բախում Խաչատրյանի անվան հետ կապվող բիզնեսների եւ նրա զբաղեցրած պաշտոնեական դիրքի միջեւ:
Ի դեպ, Էթիկայի հանձնաժողովը վարույթ էր հարուցել “Թրանսփարենսի Ինթերնեշնըլ” հակակոռուպցիոն կենտրոնի դեկտեմբերի 17-ի դիմումի հիման վրա, որում, վկայակոչելով մամուլի հրապարակումները, “Թրանսփարենսի Ինթերնեշնըլ”-ը հայտնում է, որ Գագիկ Խաչատրյանին է պատկանում հաշվիչ դրամարկղային կտրոնների թուղթ մատակարարող “Ալեքսերվ” ընկերությունը: Նրա անվան հետ են կապվում նաեւ սննդամթերքի ներկրմամբ զբաղվող “Ապեյրոն”, “Մեգաֆուդ” ընկերությունները, “Գալաքսի” սուպերմարկետը եւ նույն անունով հացի գործարանը, “Մեգամոթորս” ընկերությունը, “Մեգա սպորտ” խանութների ցանցը, “Խրոնոգրաֆ” թանկարժեք ժամացույցների խանութ սրահը, ֆիքսված հեռախոսակապ, ինտերնետ, արբանյակային հեռարձակում ապահովող “Յուքոմ” ընկերությունը, Ամասիայի կաթի գործարանը, “Ալյանս” մաքսային տերմինալը:
Նշենք, որ վարույթի շրջանակներում հանձնաժողովը ՊԵԿ նախագահից բացատրություններ եւ առարկություններ է պահանջել եւ սահմանված ժամկետում ստացել: Դրանց բովանդակությունը եւս առայժմ չի հրապարակվում:
Ի դեպ, Հանրային ծառայությունների մասին ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, “Բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ եզրակացությունը եւ դրա հիման վրա համապատասխան պետական մարմնի լիազոր անձի որոշումը, եթե այդպիսին առկա է, տվյալ որոշումը կայացնելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում է տվյալ պետական մարմնի կայքէջում։ Եթե ուսումնասիրության ընթացքում ի հայտ են գալիս հանցակազմի հատկանիշներ, ապա հանձնաժողովը բոլոր նյութերն ուղարկում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունե: Նշենք, որ որոշում կայացնելու համար հանձնաժողովին օրենքով հատկացված ժամկետը սպառվում է մայիսի 13-ին: Հանձնաժողովից “Փաստինֆո”-ին վստահեցրին, որ որոշումը նշված ժամկետից չի ուշանա:
Հիշեցնենք, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ստեղծվել է 2012 թվականի հունվարի 9-ին: Հանձնաժողովի կայացրած որոշման արդյունքում որեւէ պաշտոնյա մինչ օրս իր պաշտոնից չի զրկվել: