ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է «Փեթակ» առեւտրի կենտրոնում

Ինչպես երեւում է՝ այս գունազարդ կատուն անմասն չի մնում ամանորյա տոնական գնումներից: Վերջինս հանգրվանել է հյութերի ակղերի վրա եւ հետեւում է առեւտրային անցուդարձին:

 

 

 

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե որդեգրումն ինչ իրավական հետեւանքներ կարող է առաջացնել:

Ալիսա Հայրապետյան (35 տարեկան, թարգմանչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ որդեգրված երեխաներն ու նրանց սերունդը որդեգրողների եւ նրանց ազգականների նկատմամբ, իսկ որդեգրողներն ու նրանց ազգականները որդեգրված երեխաների ու նրանց սերնդի նկատմամբ իրենց անձնական ոչ գույքային եւ գույքային իրավունքներով ու պարտականություններով հավասարեցվում են ծագումով ազգականներին: Որդեգրվածներն իրենց ծնողների (ազգականների) նկատմամբ կորցնում են անձնական ոչ գույքային եւ գույքային իրավունքները եւ ազատվում են պարտականություններից: Որդեգրված երեխայի հարաբերությունները ծնողներից մեկի կամ մահացած ծնողի ազգականների հետ պահպանելու մասին նշվում է երեխային որդեգրելու մասին դատարանի վճռի մեջ:
Նորածին երեխա որդեգրած կինն ունի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված հետծննդյան արձակուրդի եւ սահմանված այլ արտոնությունների իրավունք:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ըստ վիճակագրական տվյալների՝ 2014 թվականին կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաների թվաքանակը կազմել է 117, որոնց 40.2%-ն աղջիկներ են:

 

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե աշխատանքի թույլտվությունն ընդհանրապես ի՞նչ սկզբունքով է տրամադրվում:

Սաթենիկ Հովհաննիսյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Հովհաննիսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ օտարերկրացիների աշխատանքի եւ զբաղվածության բնագավառում Հայաստանի Հանրապետության լիազորված պետական կառավարման մարմինը օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվություն տրամադրելիս հաշվի է առնելու Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի կարիքները եւ զարգացումները: Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի կարիքների գնահատման համար սահմանվում է ժամկետ, որի ընթացքում նա պարտավոր է իր մոտ առկա թափուր աշխատատեղը համալրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից: Սահմանված ժամկետում զբաղվածության հանրապետական ծառայությունների կողմից իր պահանջներին համապատասխանող թեկնածուի առաջադրման բացակայության դեպքում գործատուն կարող է գտնել այդ պահանջներին համապատասխանող օտարերկրացու եւ դիմել լիազորված մարմին՝ կոնկրետ օտարերկրացի աշխատողի համար կոնկրետ ժամկետով աշխատանքի թույլտվության տրամադրման համար՝ ներկայացնելով ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ սահմանված փաստաթղթերը:

Հայաստանի Հանրապետության միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ աշխատանքի թույլտվության մերժման մասին օտարերկրացուն ծանուցվում է գրավոր: Ի դեպ, վերջինս կարող է աշխատանքի թույլտվության մերժումը բողոքարկել մերժման պահից հինգ օրվա ընթացքում` դատական կարգով: Նշենք նաեւ, որ օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք ՀՀ-ում ունեն այնպիսի աշխատանքային իրավունակություն, ինչպիսին ՀՀ քաղաքացիները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:




Լրահոս