Հունվարի 2-ին արձանագրվել է թոքաբորբով պայմանավորված մահվան դեպք: Առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք, որ 20-ամյա Գ. Տ.-ն դեկտեմբերի 31-ին հոսպիտալացվել էր «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: 26 շաբաթական հղիի մոտ առկա էր սուր թոքաբորբ, շնչառական անբավարարություն:
ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունը երեկ ահազանգ էր ստացել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունու բժշկական կենտրոն ընդունված 40-ամյա Ս.Ս.-ի վիճակը ծանր է և անհրաժեշտ է նրան տեղափոխել մայրաքաղաքի բազմապրոֆիլ հիվանդանոց։ Հիվանդն ընդունվել էր անգիտակից վիճակում` ուղեղային կոմա նախնական ախտորոշումով։
Եղանակային անբարենպաստ պայմանները, սակայն, մեծ դժվարություններ էին առաջացրել, որպեսզի «Էրեբունի» բժշկական կենտրոնի ռեանիմացիոն բրիգադով շտապբուժօգնության մեքենան տեղ հասնի։ Մրրիկն անանցանելի էր դարձրել հատկապես Մարտունի-Գավառ ճանապարհահատվածը։ Օգնության հասած ՀՀ ՏԿԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարարների աջակցությամբ հաջողվել է հաղթահարել ճանապարհի դժվարանցանելի հատվածը։ Մասնագետները տեղում զննել են հիվանդին և տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Այժմ հիվանդը բուժվում է կենտրոնի նյարդաբանական բաժանմունքում, մասնագետները նրա վիճակը գնահատում են բավարար։
Այսօր ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկատվություն է ստացել, որ Գեղարքունիքի մարզի բարձր լեռնային Ախպրաձոր գյուղի բնակչուհի, 37-38 շաբաթական հղիի մոտ սկսվել է ծննդաբերական գործունեություն։ Վարդենիսի հիվանդանոցի շտապբուժօգնության մեքենան 22 կմ երկարությամբ դժվարանցանելի հատվածը գրեթե 3 ժամում կարողացել է հաղթահարել կրկին ՀՀ ՏԿԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարարների աջակցությամբ։ Մանկաբարձագինեկոլոգիական բրիգադը տեղում զննելով հղիին` ախտորոշել է նախածննդյան կծկանքներ։ Հղին բժշկի ուղեկցությամբ տեղափոխվում է Վարդենիսի հիվանդանոց։ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության հետ միասին կազմակերպվում է նաև հարևան Մաքենիս գյուղից երիկամաքարային խիթ ախտորոշումով 63-ամյա տղամարդու տեղափոխումը Վարդենիսի հիվանդանոց։
Նշենք, որ տոնական օրերին լայն թափով շարունակվում է ՀՀ առողջապահության նախարարության աշխատանքային խմբերի գործունեությունը: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը գլխավոր ինֆեկցիոնիստ ԱրաԱսոյանի հետ այցելում է բժշկական կազմակերպություններ: Մասնագետների կողմից հսկայական աշխատանք է տարվում գրիպով և այլ հիվանդների բուժման ուղղությամբ։ Իրավիճակը վերահսկելի է: Ցավոք, ոմանք բժշկի են դիմում ուշացումով, զբաղվում ինքնաբուժմամբ։ ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում, անկախ նրանից, որ տոնական օրեր են, գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով գրիպանման երևույթների առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, հատկապես՝ տարեց անձիք, ովքեր տառապում են քրոնիկ հիվանդություններով, հղիները և երեխաները, քանի որ բարդություններ կարող են առաջանալ գրիպի ցանկացած տեսակի և ենթատեսակի դեպքում: Մի զբաղվեք ինքնաբուժմամբ, առանց բժշկի նշանակման մի օգտագործեք հակաբիոտիկներ: Եթե առողջ եք` մի շփվեք հիվանդների հետ։
Եթե Ձեզ մոտ առկա են գրիպանման երևույթներ, ապա անհրաժեշտ է սահմանափակել շփումներն այլ անձանց հետ, մնալ տանը և հետևել բժշկի խորհուրդներին: Չնայած բժիշկների անընդմեջ աշխատանքին և պայքարին, բարդություններն ու անցանկալի հետևանքները հիմնականում ուշ դիմելուարդյունք են։
Հիշեցնենք, որ տոնական օրերին ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններում սահմանվել է հերթապահություն`անհրաժեշտության դեպքում բժշկական օգնություն կազմակերպելու համար: