Երեւանի պետական համալսարանը միակ բուհը չէ, որը դիմորդների համար անակնկալ է պատրաստել` ուսման վարձավճարների բարձրացման տեսքով: Գալիք ուսումնական տարվանից ԵՊՀ ընդունվողները ստիպված կլինեն վճարել 20-100 հազար դրամի չափով ավելի շատ վարձ` կախված ընտրած մասնագիտությունից:
Տնտեսագիտական համալսարանում վարձավճարները բարձրացել են 100-150 հազար դրամով: Ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) նոր ուսումնական տարվանից ուսման վարձերը կլինեն 402-522 հազար դրամի սահմաններում: Ճարտարապետաշինարարական համալսարանում վարձավճարները համեմատաբար քիչ են բարձրացել՝ 10-20 հազար դրամով: Ինչ վերաբերում է Կոնսերվատորիային, ապա այս բուհում ուսման վարձի չափն ավելացել է 100-200 հազար դրամով: Սեպտեմբերից արդեն առաջին կուրս ընդունվածները ստիպված կլինեն տարեկան վճարել 700-800 հազար դրամ: Թեեւ նշվեց, որ այս բարձրացումը պայմանավորված է դասախոսների աշխատավարձի բարձրացմամբ, սակայն շատ մարդիկ այդքան էլ չեն հավատում:
ՀԱՐՑ. Ինչպե՞ս կմեկնաբանեք այսօրինակ թանկացումը, եւ, իրականում, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են բարձրացրել ուսման վճարները:
ՊԱՏԱՍԽԱՆ. Մեր բուհը, այլ բուհերի հետ համեմատած, ամենացածրն է: Հիմա էլ շատ չափավոր ենք բարձրացրել, բարձրացրել ենք այնքանով, որքանով պահանջվում է մասնագետ պատրաստելու համար: Ամեն ինչ թանկանում է` գույքը, սարքավորումը, եւ հետո, մամուլով տարածվող այն տեղեկությունները, որ դասախոսները ցածր աշխատավարձ են ստանում, այդ ամենն էլ նշանակություն ունի: Պետք է հասկանան, որ բուհն ունի խնդիրներ՝ լավ մասնագետ պատրաստելու, իսկ լավ մասնագետ պատրաստելը թանկ գործ է եւ ցածր գումարներով հնարավոր չէ, պետք է ունենանք ժամանակակից միջոցներ` գույք, սարքավորում եւ այլն: Ամենակարեւորն այն է, որ այս ամենով մենք փորձում ենք լուծել երիտասարդներին համալսարանի հետ ամրացնելու հարցը, քանի որ աշխատավարձը բուհում ցածր է, եւ երիտասարդները չեն մնում աշխատելու:
ԵՊՀ ռեկտոր
ՊԱՏԱՍԽԱՆ. Չեմ գտնում որեւէ հիմնավորում կամ որոշում այդ վարձերի թանկացման մասին: Միանշանակ բացասական եմ վերաբերում այս ամենին` շատ լավ հասկանալով, որ ամեն ինչ թանկանում է, եւ դասախոսներն էլ են ցանկանում լավ վարձավճար ստանալ: Ես հիշեցնեմ, որ պետհամալսարանի խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է, եւ երբ քարոզարշավի օրերին լսվում էր 2013թ. ֆինանսական հաշվետվությունը, Ս. Սարգսյանը ասաց, որ եթե որեւէ ուսանող ցանկանում է սովորել, ֆինանս չունենալու պատճառով չպետք է դուրս մնա: Ասեմ, որ մեր հասարակության համար շատ դժվար է լինելու, եւ մենք ունենալու ենք դժգոհ երիտասարդություն, որը ուզելու է սովորել, սակայն ֆինանսների պատճառով չի կարողանալու:
Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ