Հերթական անգամ, ավանդույթի համաձայն, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայիսի 27-ին այցելել է Արագածոտնի մարզի Աշնակ գյուղ՝ մասնակցելու հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չավուշի հիշատակի օրվան նվիրված արարողությանը:
Ամեն տարի Հայաստանի տարբեր վայրերից հարյուրավոր մարդիկ են գալիս Աշնակ՝ ոչ միայն իրենց հարգանքի տուրքը մատուցելու քաջ ֆիդայապետի հիշատակին, այլև մասնակցելու բոլոր այն ֆիդայիների ոգեկոչման արարողությանը, ովքեր Չավուշի նման իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հայրենիքի ու սեփական ժողովրդի փրկության: Կենդանության օրոք ու նահատկվելուց հետո էլ Չավուշը հերոսության ու անձնազոհության իսկական օրինակ է եղել սերունդների համար և, ինչպես ոգեկոչման արարողության ժամանակ ելույթ ունեցողներն են նշել, այսօր էլ նրա օրինակն ուսանելի ուղեցույց է։ Սա այն բացառիկ օրերից է, որ, լինելով սգո ու հիշատակի օր, միևնույն ժամանակ Չավուշի երազանքն իրականացած ու Էրգիրը թշնամուց ազատագրված տեսնելու անսասան հավատով առլեցուն տոնի ու տոնախմբության է վերածվում:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ ծաղիկներ է դրել հայ ժողովրդի նորօրյա պայքարում՝ Արցախյան ազատամարտում զոհված աշնակցիների հուշարձանին, այնուհետև այցելել Գևորգ Չավուշի թանգարան, ծաղիկներ դրել հերոս ֆիդայու զարմիկի՝ Գևորգ Մելքոնյանի շիրիմին, ում անմիջական ջանքերով էլ ստեղծվել է թանգարանը։
Թանգարանի շենքի հետ կապված հեղինակի՝ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի կիսատ մնացած մտահղացումը՝ հայայցքը դեպի էրգիր ուղղած, թռիչքի պատրաստ թևատարած արծիվը շուտով իր տեղը կգտնի թանգարանի աշտարակին: Նախաձեռնությունը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է, ով, ի դեպ, համայնքին մատուցած ծառայությունների և ցուցաբերած աջակցության համար անցյալ տարի արժանացել է Աշնակի պատվավոր քաղաքացու կոչման:
Աշնակում, ինչպես վայել է իսկական ամեն մի տոնախմբության, նաև համերգային մեծ ծրագիր էր կազմակերպվել, որի ընթացքում մայրաքաղաքից ժամանած հայտնի երգիչներն ու համույթները ներկայացրել են ազգային, հայրենասիրական երգեր ու պարեր։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն