Մայիսի 29-ը Խաղաղապահների միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2001 թվականին ձևավորելով խաղաղապահ ուժերը` Հայաստանն իր պատրաստակամությունը հայտնեց միջազգային հանրության առաջ ծառացած խնդիրների լուծման գործում որոշակի ներդրում ունենալու ուղղությամբ: Դրանցից կարևորագույնը հայկական խաղաղապահ զորախմբերի անմիջական ներգրավումն է Միացյալ կոալիցիոն ուժերի կողմից պայթյունավտանգ գոտիներում իրականացվող խաղաղապահ առաքելություններին:
Մայիսի 29-ին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադում հանդիսավոր պայմաններում նշվեց հայկական խաղաղապահ ուժերի ձևավորման 12-րդ տարեդարձը: Օրվա միջոցառումների շրջանակներում մի խումբ զինծառայողներ Կոսովոյում ԱՄՆ զորախմբի կազմում տարած բարեխիղճ ծառայության համար ԱՄՆ ԶՈՒ կողմից պարգևատրվեցին “Բանակի ձեռքբերումների համար” մեդալով: ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններով խաղաղապահները պարգևատրվեցին “Մարշալ Բաղրամյանե “Նելսոն Ստեփանյան” և “Անբասիր ծառայության համար” գերատեսչական մեդալներով: Պարգևները հանձնեցին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Երոյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ Ջեֆրի Սիմսոնը: Բարձր գնահատելով ԱՄՆ զինծառայողների հետ կողք-կողքի խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինվորականների մասնագիտական պատրաստվածության մակարդակը՝ ռազմական կցորդը նշեց, որ իր համար պատիվ է ԱՄՆ ԶՈՒ հրամանատարության կողմից մեդալներ հանձնել նրանցից առավել աչքի ընկածներին;
Ներկայում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի երեք ստորաբաժանումներ խաղաղապահ առաքելություններ են իրականացնում Աֆղանստանում և Կոսովոյում տեղակայված կոալիցիոն ուժերի խաղաղապահ ուժերի կազմում` իրենց ամենօրյա բարդ և պատասխանատու ծառայությամբ բարձր պահելով հայ զինվորականի պատիվն ու հարգանքը:




Լրահոս