Ադրբեջանի ԱԳ նախարար էլմար Մամեդյարովը ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ի հետ զրույցում մանրամասնել է ԼՂ խնդրի կարգավորման բանակցությունների շրջանակներում քննարկվող Մադրիդյան սկզբունքները: «Ադրբեջանին ֆիքսված ժամկետում վերադարձվում են Լեռնային Ղարաբաղի շուրջ 7 շրջանները՝ փոխարենը հայկական կողմը, բացի անվտանգության երաշխիքից, ստանում է Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակ, տնտեսական զարգացում, փախստականների վերադարձ, հաղորդակցման բացում, մարդկանց լիարժեք կենսամակարդակի ապահովում, որն այժմ այնտեղ գործնականում բացակայում է, մինչդեռ դա Ադրբեջանի տարածքների 20 տոկոսն է: Եվ դա պետք է արվի աստիճանաբար՝ հասկանալով, որ պետք է որոշել Ղարաբաղի կարգավիճակը, եւ դա առաջին հերթին բխում է Ադրբեջանի շահերից, որովհետեւ այն մեր տարածքում է՝ «մոխրագույն գոտի»: Եվ որոշել այդ հարցը պատրաստ ենք հայկական կողմի հետ միասին»,-ասել է նա: Ինչ վերաբերում է հանգամանքին, որ ԼՂ-ն արդեն հռչակել է իր անկախությունը, նա նշել է. «Անգամ Հայաստանը չի ճանաչել: Ստացվում է աբսուրդ. Ղարաբաղից վտարել են ադրբեջանցի բոլոր մարդկանց եւ հայտարարել, որ օգտվել են ազգի ինքնորոշման իրավունքի սկզբունքից: Իսկ ադրբեջանցիներն ա՞զգ չեն»:
Ուշագրավն այն է, որ հայկական կողմը որեւէ կերպ չի արձագանքել Մամեդյարովի այս խոսքերին. ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը գտնվում է Մեծ Բրիտանիայում:
ՄԵՐՈՆՔ ԼՌՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ