ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՈՐԴԻՆ՝ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆԻՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ Աշոտ) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե իր որդին՝ Արամ Աղաբաբյանը, որը մայիսի 5-ին ընտրվեց  Երեւանի ավագանու անդամ, բիզնեսի հետ համատեղ կատարելու է իր պարտականությունները: Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ իր որդին իրենց շրջանում սիրված եւ հարգված է, ինչի արդյունքում էլ կարողացավ ընդգրկվել Երեւանի ավագանիում:
-Պարո՛ն Աղաբաբյան, մի քանի այլ պատգամավորների որդիների հետ Ձեր որդին եւս ընդգրկվեց  Երեւանի ավագանու կազմում: Ո՞րն էր նպատակը, այս կերպ փորձում եք Ձեր որդու համար ճանապա՞րհ հարթել դեպի քաղաքականություն:
-Աջափնյակ վարչական շրջանում, որտեղ մենք ապրում ենք արդեն 8 տարի, մենք հարգված ընտանիք ենք: Իմ ծնողները եղել են մանկավարժ, բնականաբար, մենք միշտ ունեցել ենք շատ մեծ հարգանք մեր ժողովրդի կողմից, քանի որ հնարավորին չափ օգտակար ենք եղել: Դե, բնականաբար, ամեն տղա ուզում է իր հորը նմանվել, շարունակել… Ինքը, լինելով միջավայրի նորմալ երիտասարդներից… իր ընկերներն են առաջարկել, թե ինչու այս վարչական շրջանում ավագանի չլինես, որովհետեւ բավական լուրջ ռեսուրսներ ունես, մարդկային առումով նկատի ունեմ: Եվ երբ իմ որդին հարցրեց այդ մասին, ասեցի` խնդրեմ, տղա՛ ջան: Ի՞նչ կա որ, մրցակցության մեջ ես արդեն… քո այն տարիքն է, որ ե՛ւ գործարար ես, ե՛ւ արտադրություն գիտես, ե՛ւ առեւտուր գիտես, ամեն ինչից տեղյակ ես: Ի դեպ, նշեմ, որ իմ որդին արդեն 32 տարեկան է, ես էլ ընդամենն ասեցի` փորձի՛ր, տղա՛ ջան:
-Այսինքն՝ Ձեր խորհրդո՞վ է Ձեր որդին Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել:
-Դե առաջարկությունն իր ընկերների կողմից է եղել, ես էլ ասել եմ` ի՞նչ կա, անպայման, եթե դու մեր նման ժողովրդի կողքը չկանգնես, բա ո՞վ պետք է կանգնի: Բնականաբար, փորձեցինք մասնակցել ընտրություններին եւ հասկացանք, որ լավ հաղթանակ տարանք: Կարծում եմ՝ դա բնական բան է, որ իմ որդին ինձանից խորհուրդ է հարցրել՝ մասնակցել-չմասնակցելու հետ կապված:
-Իսկ Դուք «խառնվե՞լ» եք, Ձեր ձեռքը «կպե՞լ» է Երեւանի ավագանու ընտրական գործընթացին: Խնդրում եմ կոնկրետ նշել Ձեր գործառույթն ընտրություններում:
-Այսպես ասեմ, անհնար է, որ «չկպնի», հիմա որ ասեմ՝ ո՛չ, չեք էլ հավատա: Ինչ խոսք, իմ ընկերական շրջապատն է մասնակցել ընտրությունների ընթացքին՝ բացատրելով, որ այսինչ մարդու թոռն է, այսինչ մարդու որդին է: Բնականաբար, եթե իրենք չլինեն, ո՞նց կլինի, իրենց օգնությամբ է եղել: Ես Աջափնյակում թաղապետի ընտրությունների եմ մասնակցել, հաղթանակս մեծ էր: Մեր ընտանիքին ճանաչելով հանդերձ՝ ակտիվություն ցուցաբերվեց ժողովրդի կողմից, եւ քվեարկվեց մեր օգտին՝ իմանալով, որ մենք Հանրապետական կուսակցության հիմնադիր ենք, իմ որդին է, բնականաբար, այդ բոլոր իմիջային կոդերը աշխատեցին, որպեսզի այսօր իմ որդին լինի Երեւանի ավագանու անդամ:
-Ձեր որդու ներկայացրած հայտարարագրում նշված է, որ նա սեփականատեր է բազմաթիվ կառույցների, գործարար է, «Հրազդան կենտրոնական մարզադահլիճ» ՓԲԸ-ի առաջին փոխտնօրենն է: Ի վերջո, նա ինչպե՞ս է կարողացել այդ տարիքում այսքան բանի հասնել եւ արդյո՞ք կարողանալու է համատեղել ավագանու աշխատանքն իր բիզնեսների հետ:
-Բնական է, որ ընտանիքի անդամները տեղյակ են միմյանցից, թե ինչն է իրեն պատկանում, ինչով է զբաղված եւ այլն, դրանք հարցեր են, որոնք բոլորի համար էլ հասկանալի են: Մի բան միայն նշեմ. «Դիլիջանի հանքային ջրերի» գործարանի բաժնետերն ինքն է, ու ինքն է հիմնականում այդ աշխատանքներով զբաղվում:
-Իսկ Ձեր որդին կարողանալո՞ւ է ավագանու աշխատանքները համատեղել գործարանի ղեկավարման աշխատանքների հետ:
-Բայց դա ի՞նչ կապ ունի մյուսի հետ, դա վերահսկվում է:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս