ԲՀԿ-ԱԿԱՆԸ ՀՐԱԺԱՐՎՈ՞ՒՄ Է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ մարզի Հովնունի համայնքում յուրացում եւ պաշտոնական կեղծիք կատարելու փաստերի առթիվ:
Պարզվել է, որ Հովնունի համայնքի ղեկավարը 2005-2013թթ. ընթացքում նույն համայնքի գյուղապետարանի հարկային գործակալի հետ նախնական համաձայնությամբ, իր պաշտոնական դիրքն օգտագործելով, հողի հարկի դիմաց համայնքի բնակիչներից համապատասխան անդորրագրերով հավաքագրված գումարները գյուղապետարանի դրամարկղ չի մուտքագրել եւ յուրացրել է: Բացի այդ, նույն ժամանակահատվածում համայնքապետը կազմել է համայնքի բնակիչներին սոցիալական օգնություններ տրամադրելու համար համայնքի ավագանու ակնհայտ կեղծ որոշումներ, կեղծել ավագանու անդամների ստորագրությունները, հաստատել դրանք եւ դրանց հիման վրա գյուղապետարանի դրամարկղից ելքագրել  առանձնապես խոշոր չափի գումար:
Այդ կապակցությամբ «Ժողովուրդ»-ը մեկնաբանություն խնդրեց համայնքի ղեկավար Թելման Միրիջանյանից:
-Պարո՛ն Միրիջանյան, ի՞նչ կասեք Ձեր դեմ հարուցված քրեական գործի  մասին:
-Առայժմ ես որեւէ մեկնաբանություն չեմ տա, կգա ժամանակը` կտամ:
-Այսինքն՝ ինչ-որ բացահայտումնե՞ր կանեք:
-Անպայման:
-Հնարավո՞ր է՝ այնպիսի բացահայտումներ անեք, որոնց արդյունքում պարզվի, որ Դուք անմեղ եք եւ ոչինչ չեք յուրացրել:
-Այո՛:
-Բայց վստա՞հ եք, որ այն, ինչ ներկայացնում է դատախազությունը, իրականությանը չի համապատասխանում:
-Չի համապատասխանում, այս պահի դրությամբ թե մեր դատախազությունում ինչ է նշված, այդ ամենից տեղեկություն չունեմ:
-Դուք ո՞ր կուսակցության անդամ եք:
-Էդ էլ չեմ ասի:
-Ինչո՞ւ, պետական գաղտնի՞ք է:
-Չեմ ասի, անկուսակցական եմ:
-Կարո՞ղ է՝ քաղաքական հետապնդում կա Ձեր նկատմամբ:
-Չէ՛, չէ՛,  նման բան չկա:
-Այդ դեպքում ինչո՞ւ չեք խոսում, վախենո՞ւմ եք:
-Առայժմ բան չեմ ասի:
Հ.Գ. Ուսումնասիրելով համայնքապետի կենսագրությունը` պարզեցինք, որ նա ԲՀԿ անդամ է, սակայն, չգիտես ինչու, գերադասում է ներկայանալ որպես անկուսակցական:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս