Ո՞Վ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄՍԽՎԱԾ «ԲԻՈՓՈՂԵՐԻ» ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

240 հազար դոլար արժողությամբ երկու թանկարժեք բիոզուգարանների վերաբերյալ նորանոր, ընդ որում, սկանդալային փաստեր են ի հայտ գալիս: Երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Հայաստան ներկրված բիոզուգարաններն ամենեւին էլ բիոզուգարաններ չեն, պարզապես զուգարաններ են»: Ավանեսյանը նաեւ հայտարարել է, թե այժմ փորձում են վերացնել 3 տարի առաջ գնված այդ զուգարանների անսարքությունները, եւ համապատասխան հանձնարարական է տրվել Ազգային մրցունակության հիմնադրամին: Այսինքն` ստացվում է, որ այս ողջ ընթացում հայ հանրությանը պարզապես խաբել են եւ մսխել ՀՀ պետական բյուջեի միջոցները: Իսկ թե ով է մսխել այդ գումարները, դժվար չէ ենթադրել. բիոզուգարանները ձեռք է բերել Ազգային մրցունակության հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը նույն ինքը` վարչապետ Տիգրան Սարգսյանն է: Ի դեպ, հոգաբարձուների խորհրդի անդամ են՝ էկոնոմիկայի նախարար Տիգրան Ավանեսյանը, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանը եւ այլք: Այսինքն՝ ստացվում է, որ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խաբեություն, եւ գործել է կոռուպցիոն հստակ մեխանիզմ: Ու այսքանից հետո պատասխանատուները դեռ շարունակում են պաշտոնավարել: Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Փարիզի փողոցներում տեղադրված բիոլոգիական զուգարանների արժեքը տատանվում է 7-8 հազար դոլարի սահմաններում: Իսկ ՀՀ իշխանությունները զուգարանի համար վճարել են 240 հազար դոլար:




Լրահոս