ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ ՈՒ ՍԱՐԿԻՍՈՎՆ ԱՊԱՔԻՆՎԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 3-ից ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսելու է նախապատրաստվել աշխարհի 2014 թվականի առաջնության խմբային մրցաշարի` հունիսի 7-ին «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Մալթայի հետ խաղին:
Եվ հայ ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում այս օրերին հավաքականի անդամների մարզավիճակի, նրանց` այլ թիմ տեղափոխվելու հարցերն են: Վերջերս ռուսական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Արաս Օզբիլիսի ծառայություններով հետաքրքրված են Մոսկվայի «Սպարտակ»-ը, «Դինամո»-ն, Մախաչկալայի «Անժի»-ն ու Կազանի «Ռուբին»-ը: Բայց Կրասնոդարի «Կուբան»-ի գլխավոր մարզիչ Լեոնիդ Կուչուկը ասել է, որ նա մնում է «Կուբան»-ում. «Իմ ունեցած տվյալների համաձայն՝ Արասը մնում է «Կուբան»-ում: Ինչպես հասկանում եմ, թիմից կհեռանա Նիկուլաեն, ում պայմանագրի ժամկետը լրանում է»:
Հայաստանի հավաքականի եւ Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ի խաղացող Արթուր Սարկիսովը վատառողջ լինելու պատճառով բաց էր թողել Ռուսաստանի առաջնության վերջին` 30-րդ տուրի հանդիպումը: Սակայն ֆուտբոլիստը հայտնել է, որ արդեն իրեն լավ է զգում եւ հունիսի 2-ին ժամանելու է Երեւան:
Լեհական «Լեխիա»-ի եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Լեւոն Հայրապետյանը, որը ծանր վնասվածք էր ստացել 2012թ. սեպտեմբերին կայացած Բուլղարիա-Հայաստան մրցավեճի ժամանակ, ամբողջովին ապաքինվել է: Նա հայտնել է, որ արդեն մարզվում է «Լեխիա»-ի կազմում եւ նախապատրաստվում է Լեհաստանի առաջնության 29-րդ տուրին. «Մարզվում եմ ընդհանուր խմբում եւ արդեն կարող եմ դուրս գալ խաղադաշտ: Լեհաստանի առաջնության ավարտին մնացել է 2 տուր: Այս 2 խաղերից հետո ակումբի ղեկավարության հետ կխոսենք պայմանագրի մասին: Այն շուտով լրանում է»:
Քանի որ հայաստանցի եւ հայազգի շատ ֆուտբոլիստներ են ընդգրկված Ռուսաստանի առաջնությանը մասնակցող տարբեր ակումբների կազմում, նշենք, որ Ռուսաստանի 2013-2014թթ. առաջնությունը մեկնարկելու է հուլիսի 14-ին, իսկ սուպերգավաթի հանդիպումները, հավանաբար, կկայանան հուլիսի 17-ին: Պրեմիեր լիգայի 2012-2013թթ. մրցաշրջանն ավարտվել է մայիսի 26-ին, իսկ չեմպիոն է հռչակվել Մոսկվայի ԲԿՄԱ-ն:
Իսկ ահա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումների կազմակերպման բաժինը ՀՖՖ նախագահի առաջարկով ՀՀ ակումբների միջեւ 2013-2014թթ. «Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգ»-ի նախագիծը մինչեւ հունիսի 25-ը դրել է հանրային քննարկման: Դրա նպատակն է մինչեւ կանոնակարգի հաստատումը ծանոթանալ բոլոր շահագրգիռ կողմերի՝ ակումբների ներկայացուցիչների, ֆուտբոլային մասնագետների, ֆուտբոլը լուսաբանող լրագրողների, նաեւ երկրպագուների դիտողություններին եւ առաջարկներին:
Ամենայն հավանականությամբ, աշուն-գարուն մրցակարգն իրեն չի արդարացնում, ու չի բացառվում, որ մեծամասնություն կազմեն նախկին մրցակարգին վերադառնալու վերաբերյալ առաջարկները:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս