Մայիսի 31-ի դրությամբ դեղերի գների նոր բարձրացում տեղի չի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ Դեղերի փորձագիտական կենտրոնը շարունակում է պարբերաբար ուսումնասիրել հիմնական դեղերի ցանկում ընդգրկված, պետության կողմից անվճար տրամադրվող, ինչպես նաև բնակչության կողմից լայնորեն օգտագործվող մի շարք դեղերի ներմուծման (ինվոյսային) և մեծածախ գները` ըստ ներկրող առանձին կազմակերպությունների:
Ուսումնասիրությունների արդյունքները յուրաքանչյուր երկու ամիսը մեկ ներկայացվում են նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովին։ 
2013 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում կատարված վերլուծությունը ցույց է տալիս, որ մասնավորապես “Պրեստարիում 5մգ և 10մգ”, “Պրեստարիում կոմբի արգինին”, “Պրեստանս”, “Նոլիպրել ֆորտե արգինին”, “Դետրալեքս”, “Պրեդուկտալ MR”. “Էսենցյալ ֆորտե Ն”, “Տաֆլոտան” դեղերի ինվոյսային գինը նվազել է 5%-ով, սակայն նույն ժամանակահատվածում դրանց մեծածախ գինն աճել է միջինը 6,4 %-ով: Գների տատանումների հիմնական պատճառ կարող են հանդիսանալ արտադրողի կողմից գների փոփոխությունը և արտարժույթի փոխարժեքի փոփոխությունը: Մինչդեռ 2013 թվականի վերջին երկու ամսվա ընթացքում ոչ արտադրողն է գների փոփոխություն կատարել և ոչ էլ արտարժույթի փոխարժեքն էականորեն փոխվել: 
Փորձագետների տվյալներով` ապրիլ-մայիս ամիսների ընթացքում նշված դեղերի մեծածախ գների աճ չի արձանագրվել:
Ընթացիկ տարվա սկզբից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում նկատվում է գների տատանումների աստիճանի համեմատական նվազում` կախված արտարժույթի փոխարժեքի կայունացման հետ: 2013 թվականի մայիսի 31-ի դրությամբ դեղերի գների նոր բարձրացում տեղի չի ունեցել:




Լրահոս