Այսօր Շիրակի մարզ էր այցելել ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Նա մարզպետ ֆելիքս Ցոլակյանի հետ այցելել է ՇՄ որոշ համայնքներ, որից հետո ժամը 12:30-ին Շիրակի մարզպետարանում՝ մարզպետի աշխատասենյակում քաղաքապետ Սամվել Բալասանյանի մասնակցությամբ մոտ 40 րոպե փակ խորհրդակցություն է անցկացրել:
Մինչ փոխվարչապետի գլխավորած պատվիրակության այցը, Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց բողոքի ցույց են անցկացրել Անտառավան 5-րդ թաղամասի թիվ 26 վթարային շենքի բնակիչները: Նրանք պահանջել են հանդիպում փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հետ՝ իրենց խնդիրները բարձրաձայնելու եւ հստակ պատասխան ստանալու համար, թե ի վերջո Կառավարությունը երբ է գումար հատկացնելու վթարային շենքերի մոնտաժային աշխատանքների համար: Սակայն հավաքված բնակիչների հետ այդ ընթացքում զրուցել է Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խաչիկ Պողոսյանը, նա մարզային կառույցի պաշտոնյային բնորոշ հատուկ հոգեբանությամբ երկար ժամանակ զբաղեցրել է բողոքի ցույցի մասնակիցների ուշադրությունը, իսկ այդ ընթացքում մարզպետարանի շենքի ետնամասից փոխվարչապետին հաջողվել է ներս մտնել՝ առանց բնակիչների խնդիրը լսելու: Փակ խորհրդակցության ժամանակ եւս հավաքվածները չեն բացակայել շենքի տարածքից. “Մեր մի մասը շենքի դիմաց է կանգնել, մյուս մասը գնացել է շենքի ետեւ, որ չելնի ավտոն նստի ու փախնի, բայց դրել դարպասները փակել են մարզպետարանի աշխատողները, էս ինչ անխղճություն է, էդ Արմեն Գեւորգյանին որ տեսա, պտի ասեմ` ինչի կփախնիս ժողովրդից, արի տանիմ հլը մե քիչմ տանս կռիսներին տես, այ էդ ժամանակ նոր կփախնիս”,-նշել է վթարային շենքի բնակիչը:
Խորհրդակցության ավարտից հետո Արմեն Գեւորգյանը չի պատասխանել նաեւ լրագրողների հարցերին, նշել է, թե շուտով մամլո հաղորդագրություն կտարածի եւ ամեն ինչ պարզ կդառնա: Սակայն տարածքային կառավարման նախարարն անակնկալի է եկել այն բանից հետո, երբ մարզպետարանի շենքի ետնամասում հավաքված բնակիչները փակել են իր ավտոմեքենայի ճանապարհը եւ պահանջել, որ վերջինս լսի իրենց, մոտ 10 րոպե Գյումրու քաղաքապետն ու Շիրակի մարզպետը փորձել են համոզել բնակիչներին, որ բացեն ճանապարհը, իսկ Արմեն Գեւորգյանը ավտոմեքենայից չի իջել: “Իջի արի բան ունենք ասելու, ինչի կփախնիս, մենք հասարակ ժողովուրդ ենք”,-նշել են բնակիչները: Գյումրու քաղաքապետն արձագանքել է. “Արեք ճամփա տվեք, թող անցնին, ես ձեր մոտ էդքան խաթր չունի՞մ, կխնդրեմ, արեք` ես ձեզի կլսեմ”,-ասել է Սամվել Բալասանյանը: Փոխվարչապետի անտարբեր վերաբերմունքից եւ ստեղծված իրավիճակից բողոքող կանանց մի մասը սկսել են արտասվել, նրանք այնուհետեւ բացել են մեքենայի ճանապարհը:
galatv