ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՍԿԱՑԵԼ Է, ՈՐ ՉԾԱՌԱՅԵԼԸ ԼԱՎ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն Ազգային ժողովում հայտարարել էր. «Իմ անձնական կարծիքով` տարկետման իրավունքը պետք է վերացնել բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում: Ինձ համար ահազանգ է, որ առկա համակարգով ընդամենը մեկ աղջիկ է ընդունվում մագիստրատուրա, եւ 80 տեղ թափուր է մնում: Ակնհայտ է, որ ասպիրանտուրա գնում են ոչ միայն գիտություն անելու, այլեւ բանակից տարկետում ստանալու համար: Բանակի տարկետման բեռն առկա է բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում` առկա է մագիստրատուրայում, ամենասուրն ասպիրանտուրայում է»: Այս հայտարարությունը հատկապես ուշագրավ է նրանով, որ դրա հեղինակը մի մարդ է, որը խուսափել է ծառայել հայոց բանակում:
Ըստ ԿԳ նախարարի` տարկետման իրավունքը հանելով` կրթության համակարգից կհեռացվեն բանակում ծառայել-չծառայելու հետ կապված բոլոր կոռուպցիոն ռիսկերը: «Ժողովուրդ»-ը բազմիցս է ներկայացրել այն իշխանավորների, պաշտոնյաների ցուցակը, որոնք, ուսումը համարելով առավել կարեւոր, խուսափել են ծառայությունից: Ու երբ նրանց հարց է ուղղվել, թե ինչու չեն ծառայել հայոց բանակում, նրանք մեծ հպարտությամբ նշել են, որ իրենք այդ ընթացքում ուսում են ստացել: Սակայն այսօր, քանի որ իրենց տարիքն արդեն «անցել» է, բանակում չծառայած երիտասարդ պաշտոնյաները՝ ի դեմս ԿԳ նախարար Աշոտյանի, որոշել են, որ այդ համակարգն այլեւս պետք չէ, քանի որ այն նպաստում է, որպեսզի հայ տղաները խուսափեն հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը կատարելուց:
Դեռեւս 2012թ. հունվարի 26-ին «Ժողովուրդ»-ը ներկայացրել էր այն երիտպաշտոնյաների անունները, որոնք բանակում չեն ծառայել: Նրանք հիմնականում իշխանական բուրգում հայտնված ՀՀԿ երիտասարդներն են: Կարծում ենք` արժե եւս մեկ անգամ հանրությանը հիշեցնել բանակում ծառայելուց խուսափած մեր  «ուսումնասեր» ՀՀԿ-ականներին:
Հայրենիքի առջեւ իրենց զինվորական պարտքը չկատարած երիտասարդ պաշտոնյաների թվում են՝  ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Կարեն Ավագյանը, Հայկ Գրիգորյանը, Շիրակ Թորոսյանը, Վահե Հակոբյանը, Կորյուն Նահապետյանը, Արտակ Սարգսյանը, Արթուր Ստեփանյանը, Սամվել Ֆարմանյանը, Արկադի Համբարձումյանը:
Քիչ չեն նաեւ անկուսակցականները՝ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը, ԱԳՆ գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Ջիլավյանը, ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռուբեն Մելիքյանը: Սա, իհարկե, ծառայությունից խուսափած մեր երիտասարդ քաղաքական «էլիտայի» ոչ ամբողջական ցուցակն է:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս