Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեվան գյուղում հունիսի 1-ի լույս 2-ի գիշերը գողացել են Գագիկ Սարուխանյանի 2 կովը, հորթը եւ խոզը: Խոզը սնվել է կովի կաթով եւ այդ պատճառով հեռացել է կովերի հետ: Գողացել են նաեւ Սարուխանյանների մոզին, սակայն անասունը հետ է վերադարձել: Ոսկեվանի գյուղապետարանից տեղեկացանք, որ անասնագողության հետքերը տանում են դեպի Ադրբեջանի սահմանամերձ տարածք: Գագիկ Սարուխանյանի առանձնատունը Ոսկեվանի այդ թաղամասի վերջին տունն է, դրանից 3 կմ հեռավորությամբ Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղուշչի Այրում գյուղն է: Գագիկ Սարուխանյանը եւ նրա կինը՝ Մարինե Ալավերդյանը, ունեն 5 զավակ, որից 2-ը` անչափահաս: Ամենափոքրը՝ Հովհաննեսը, 10 տարեկան է: Նա վախենում է իրենց խարխուլ առանձնատան ճեղքերով ներս մտնող օձերից: Այդ առանձնատունն ունի վթարայնության 4-րդ կարգ: Մեծ ճեղքի պատճառով առանձնատան 3 սենյակներից մեկն անբնակ է, մնացած երկու սենյակներում առաստաղը եւ հատակը հեռացած են տան պատերից: Մարինե Ալավերդյանը իրենց տան հիմնանորոգմանն աջակցելու խնդրանքով դիմել է Տավուշի մարզպետարան, որտեղից հայտնել են, թե Տավուշի մարզում վթարային տների տերերին աջակցության ծրագրեր չեն իրականացվում: Իսկ անասնագողության հետեւանքով վթարային տանն ապրող կարիքավոր ընտանիքը մնաց առանց գոյության միջոցների:
Նոյեմբերյանի տարածաշրջանում անասնագողության նախավերջին դեպքը եղել է 2012թ. սեպտեմբերի 2-ին Ոսկեվանի հարեւան Բաղանիս գյուղում: Այդ օրը Բաղանիսում գողացել էին Վահան Հակոբյանի կովը, 3 մոզին եւ Սաշիկ Մադաթյանի ձին: Դրանից առաջ՝ 2012թ. ապրիլի 1-ի գիշերը, Բաղանիսում գողացել են Գառնիկ Բայրամյանի կովը եւ մոզին: Այդ անասնագողություններն այդպես էլ չեն բացահայտվել: 2010թ. մարտին սահմանամերձ Կոթի գյուղում ադրբեջանցի 2 անասնագողերի սպանությունից հետո Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գոտում անասնագողությունները մի քանի տարի դադարել էին:
2013թ. մարտի 22-ին՝ ոստիկանության Իջեւանի բաժնում կայացած հանդիպման ժամանակ, Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանն իրենց գյուղում կատարված եւ չբացահայտված անասնագողությունների վերաբերյալ հարց էր ուղղել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի տեղակալ Արմեն Օհանյանին՝ նշելով, որ սահմանագոտում կատարված եւ այդպես էլ չբացահայտված անասնագողությունները գյուղացիների մեջ հոռետեսություն, ապագայի նկատմամբ անվստահություն են ծնում:
Տավուշ