ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունիսի 9-ին Երեւանում համերգ կունենա աշխարհահռչակ սոպրանո, օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեն: Հիմա արդեն հայտնի են մանրամասներ, որոնց համաձայն՝ օպերային երգչուհու հետ Ալ. Սպենդիարյանի անվան ակադեմիական թատրոնում հանդես կգա նրա դուստրը՝ ճանաչված սոպրանո Մոնսերատ Մարտին, ինչպես նաեւ՝ մեցցո սոպրանո Ագոստինա Սմիմերոն, բարիտոն Դավիթ Բաբայանցը:
Աշխարհահռչակ երգչուհին հանդես կգա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) հետ, որի գեղարվեստական ղեկավարը եւ գլխավոր դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը: Նվագախմբի ելույթը կղեկավարի նաեւ Մոնսերատ Կաբալիեի եւ մյուս երգչուհիների հետ Հայաստան ժամանած հայտնի դիրիժոր Ռամոն Տեբարը:
ՄՐՑՈՒՅԹԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2013թ. ամբողջ երաժշտական աշխարհը նշում է հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակը, սրանից ելնելով՝ ամբողջ տարվա ընթացքում նախատեսվում են բազմաթիվ միջոցառումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: Ավանդույթի համաձայն՝ կանցկացվի նաեւ Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոն, որի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հունիսի 6-ին՝ մեծ երաժշտի ծննդյան օրը: Նույն օրը Երեւանում կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան միջազգային 9-րդ մրցույթը, որն այս տարի ուղղված կլինի տաղանդավոր թավջութակահարների բացահայտմանը: Երեւան կժամանեն թավջութակահարներ եւ երաժշտական աշխարհի հեղինակավոր հյուրեր աշխարհի տարբեր երկրներից: Մրցույթի բացման հանդիսավոր արարողության ընթացքում իրենց կատարումներով կներկայանան 2007թ.-ից միջոցառման պաշտոնական նվագախումբ հանդիսացող Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը եւ մենակատար, աշխարհահռչակ թավջութակահար Գոտյե Կապյուսոնը Ֆրանսիայից:
Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն այս տարվա մայիսին ընտրվել է որպես Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ: Հեղինակավոր երաժշտական այս կառույցին անդամակցումը նոր հեռանկարներ է բացում Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի համար ու եւս մեկ քայլ է հայկական մշակույթն աշխարհին ճանաչելի դարձնելու ճանապարհին: