ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ   
Հայտնի թարգմանիչ, հրապարակախոս Սամվել Մկրտչյանի` Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» վեպի հայերեն թարգմանությունը մեծ արձագանք է գտել միջազգային ասպարեզում: Oրերս Մոսկվայում կայացած Գրքի միջազգային տարեկան ցուցահանդեսին ներկայացված է եղել նաեւ Մկրտչյանի թարգմանած «Ուլիսես»-ը, որն արժանացել է երրորդ մրցանակի:

ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ՌԴ-ում ձերբակալվել է միջպետական հետախուզության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի, որը կասկածվում է առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ: Ըստ տեղեկությունների՝ հետախուզվողը ծնունդով Երեւանից 29-ամյա մի երիտասարդ է, որը, չարաշահելով վստահությունը, խաբեության ճանապարհով առեւանգել եւ այնուհետ վաճառել է ավտոմեքենաներ: Նրա հասցրած վնասը կազմում է մոտ 8 մլն ռուբլի: Երիտասարդը  ձերբակալվել է վարձու բնակարանում՝ Մոսկվայի հարավարեւելյան շրջանում: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Որոշվում է նրան ՀՀ արտահանձնելու հարցը:

ՋՐԻ ՏԱԿ
Եվրոպայի տարբեր հատվածներում, մասնավորապես Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում եւ Չեխիայում, իսկական պատուհաս են դարձել հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած հեղեղները, որոնք ահռելի վնաս են հասցրել բազմաթիվ քաղաքների: Չեխիայի մայրաքաղաք Պրահան ջրի տակ է անցնում ժամում 20 սմ արագությամբ: Զոհերի թիվը հասել է 7-ի, 4 մարդ անհետ կորել է, 8 հազար հոգի տարհանվել է: Գրեթե ամբողջովին ջրի տակ է անցել Պրահայի պատմական կենտրոնը: Փակ է Կարլի հանրահայտ կամուրջը: Գերմանական Պասաու քաղաքում ջուրը հասել է այնպիսի մակարդակի, որը չի գրանցվել 16-րդ դարից ի վեր: Բնակիչներին տարհանել են, իսկ քաղաքի որոշ շրջաններում հնարավոր է տեղաշարժվել միայն լաստանավերի օգնությամբ: Եվրախորհուրդը պատրաստակամություն է հայտնել օգնել աղետից տուժած  երկրներին:




Լրահոս