ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խորին վշտով հայտնում է, որ սույն թվականի հունիսի 8-ին Վիեննայում 53 տարեկան հասակում կյանքից վաղաժամ հեռացել է Ավստրիայում ՀՀ դեսպանության խորհրդական Արթուր Վահագնի Մուշեղյանը:
Արթուր Մուշեղյանը ծնվել է 1960 թ.-ին: 1982թ. ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը, 1996-ին՝ Վիեննայի դիվանագիտական ակադեմիան:
Արթուր Մուշեղյանը 1992 թ. դիվանագիտական ծառայության է անցել ԱԳՆ համակարգում, տարբեր պաշտոններ զբաղեցնելով ինչպես կենտրոնական ապարատում, այնպես էլ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և ԵԱՀԿ դաշտային առաքելություններում։
1996-1997թթ. աշխատել է Տաջիկստանի ԵԱՀԿ գրասենյակում, 1997-2002թթ.՝ ԵԱՀԿ առաքելություններում Խորվաթիայում և Էստոնիայում: 2004-2007թթ. Արթուր Մուշեղյանը եղել է Բուլղարիայում ՀՀ դեսպանության խորհրդական: 2007-2011թթ. նա զբաղեցրել է ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջուկային անվտանգության վարչության սովորական սպառազինությունների վերահսկման բաժնի վարիչի պաշտոնը: 2011-ից՝ Ավստրիայում ՀՀ դեսպանության խորհրդական:
Արթուր Մուշեղյանը ամուսնացած էր, ուներ երկու դուստր և մեկ որդի։ Նա տիրապետում էր ռուսերեն, անգլերեն և սերբա-խորվաթերեն լեզուներին։
Ուներ երկրորդ դասի խորհրդականի դիվանագիտական աստիճան:
Արթուր Մուշեղյանի որպես լավ ընկերոջ, նվիրված և օրինակելի մարդու և մարդկային մեծագույն արժեքներով օժտված մարդու հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում: