Հանդիսավորությամբ նշվեց Քննչական գլխավոր վարչության կազմավորման 50-րդ տարեդարձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հունիսի 10-ին տեղի է ունեցել հանդիսավոր նիստ՝  նվիրված ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության կազմավորման 50-րդ տարեդարձին:
Հանդիսությանը մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, Կոտայքի թեմի առաջնորդ տեր Առաքել եպիսկոպոս Քարամյանը, տարբեր գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ոստիկանության կոլեգիայի անդամներ, ստորաբաժանումների ղեկավարներ:
Հանդիսավոր նիստը բացեց ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Օրհնության խոսքով ներկաներին դիմեց եւ Քննչական գլխավոր վարչությասն անձնակազմին հոբելյանի առթիվ շնորհավորեց  ոստիկանության հոգեւոր պատասխանատու տեր Առաքել եպիսկոպոս Քարամյանը:
Ոստիկանության պետի տեղակալ, Քննչական գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը ներկայացրեց ստորաբաժանման անցած ուղին, ընթացող բարեփոխումներն ու անելիքները:
Դժվար ու պատասխանատու գործում քննիչներին ցուցաբերվող համակողմանի աջակցության համար շնորհակալություն հայտնելով ոստիկանության ղեկավարությանն ու գործընկեր գերատեսչությունների ղեկավարներին, հոբելյանի առթիվ շնորհավորելով ծառայության վետերաններին ու գործող քննիչներին՝ Գագիկ Համբարձումյանը հավաստիացրեց, որ կարվի ամեն ինչ՝ առաջադրված խնդիրները լիարժեք կատարելու համար:
Երիտասարդ գործընկերներին շնորհավորական ուղերձ հղեց Քննչական վարչության նախկին պետ, պաշտոնաթող գնդապետ Արտուշ Դալլաքյանը:
Կեսդարյա հոբելյանի առթիվ Քննչական գլխավոր վարչության անձնակազմին շնորհավորեցին եւ քննիչների աշխատանքը կարեւորեցին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը:
Հանդիսավոր նիստի ավարտին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով մի շարք գերատեսչությունների ղեկավարներ պարգեւատրվեցին “Քննչական վարչության 50-ամյակ” կրծքանշաններով:
Քննչական գլխավոր վարչության մի խումբ աշխատակիցներ եւ վետերաններ ծառայողական գործունեության ընթացքում ձեռք բերված արդյունքների ու վաստակի համար, ինչպես եւ 50-ամյա հոբելյանի առթիվ ոստիկանության պետի եւ գործընկեր գերատեսչությունների ղեկավարների կողմից արժանացան խրախուսանքների:




Լրահոս