ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում լուրջ քաղաքական սկանդալ է հասունանում. ԱԺ ղեկավարությունը պատժամիջոց է կիրառել այն պատգամավորների հանդեպ, որոնք չեն մասնակցել ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի երդմնակալության համար ԱԺ հատուկ նիստին: Տվյալ դեպքում խոսքը ԱԺ չորս խմբակցություններից 39 պատգամավորի մասին է:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ բացակայությունը համարելով անհարգելի՝ նիստին չմասնակցած ԱԺ պատգամավորների աշխատավարձերից արվել են պահումներ մոտ 10 հազար դրամի չափով: Ու սա այն դեպքում, երբ ԱԺ ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունները հայտարարել էին ԱԺ հատուկ նիստը բոյկոտելու մասին, քանի որ հրաժարվել են ճանաչել Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը: ԱԺ հատուկ նիստին չէին մասնակցել նաեւ մի շարք ԲՀԿ-ական պատգամավորներ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ. ըստ ԲՀԿ-ականների` իրենց համար դա սովորական նիստ է, եւ ցանկացած պատգամավոր ինքն է որոշելու` մասնակցի նիստին, թե ոչ:
Խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը մի առիթով հայտարարել էր, թե ԱԺ նիստերից բացակայած պատգամավորների հանդեպ պատժամիջոց կկիրառվի ոչ միայն նրանց անուններն ԱԺ կայքում հրապարակելով, այլեւ աշխատավարձից զրկելու եւ միջազգային պատվիրակությունների կազմում գործուղումների չուղարկելու միջոցով: Ու հիմա, փաստորեն, Հ.Աբրահամյանը սկսել է պատժել պատգամավորներին, ընդ որում` սկսելով հենց այս նիստից: ԲՀԿ-ական պատգամավորների դեպքում, ֆորմալ առումով, այս որոշումը կարելի է հասկանալ. իրենք են հայտարարել, թե դա իրենց համար սովորական նիստ է: Իսկ ահա ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները նախապես հայտարարել են իրենց որոշման մասին:
Ու հիմա ստացվում է, որ ընդդիմությանը պատժում են իրենց քաղաքական հայացքների համար, քանի որ բոյկոտել են Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Սա այլ կերպ, քան քինախնդրության դրսեւորում, դժվար է որակել: Ընդ որում, հասկանալի է, որ այս որոշումը թելադրված է հենց Բաղրամյան 26-ից. համենայնդեպս, հազիվ թե որեւէ մեկն առանց Սերժ Սարգսյանի գիտության նման քայլի դիմեր, քանի որ սա քաղաքական քայլ է:
Երեկ՝ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, հաստատելով, որ իր աշխատավարձից եւս պահում են կատարել, ասաց. «ԱԺ-ն շփոթել են կոլխոզի հետ: Կոլխոզի աշխօ՞ր է, որ այդպես են վարվում»: Արամ Մանուկյանի կարծիքով՝ նախկինում էլ ԱԺ նիստերից եղել են բացականեր, բայց երբեք նման որոշում չի կայացվել:
Մինչ այդ, նկատենք, որ երբ 2012թ. նոյեմբերի 21-ին ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը նախաձեռնել էր արտահերթ նիստ` օրակարգում ունենալով ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ԱԺ ՀՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունները հրաժարվել էին մասնակցել դրան: Եվ այդպես, քվորումի բացակայության պատճառով արտահերթ նիստն այդպես էլ չկայացավ: Ու չնայած այդ հանգամանքին, ՀՀԿ եւ ՕԵԿ խմբակցության պատգամավորներից որեւէ մեկը չպատժվեց: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե ՀԱԿ նախաձեռնած արտահերթ նիստին չմասնակցելու համար իրենք հայտարարել էին նախօրոք: «Դա արտահերթ նիստ էր, եւ ես կարծում եմ` մենք քաղաքական հարցադրում ենք արել. նախապես ես գրել եմ, որ չենք մասնակցելու նիստին, հարգելի՛ համարեք»,-ասաց Գ.Սահակյանը: Ինչ վերաբերում է ապրիլի 9-ի նիստին չմասնակցած պատգամավորների աշխատավարձից պահումներ անելուն, Գ.Սահակյանը դա համարեց նորմալ երեւույթ: «Ես ճիշտ եմ համարում` նրանք, ովքեր չեն մասնակցում ԱԺ նիստերին, այսինքն` չեն հաշվատվել, աշխատավարձից պետք է պահել: Ավելին, պետք է պահումներ անել, երբ պատգամավորները չեն մասնակցում նաեւ հանձնաժողովների նիստերին»,-ասաց նա` հավելելով, որ եղել են դեպքեր, երբ պահվել է նաեւ ՀՀԿ պատգամավորների աշխատավարձից:
Հ.Գ. Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը երեկ դիմել էր ԱԺ, սակայն մեր հարցումը մնաց անպատասխան. ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այս օրերին գտնվում է Լատվիայում, նրա հետ է նաեւ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը:  Ասել է թե՝ նրանք, ովքեր ի պաշտոնե կարող էին պատասխանել մեր հարցին, բացակայում են հանրապետությունից:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս