ԴՊՐՈՑՆԵՐԸ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԵՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկինում հայտնել ենք, որ Տավուշի մարզի մի շարք համայնքներում դպրոցների տնօրենները նշանակվել են օրենքի խախտումներով: Խոսքը վերաբերում է մասնավորապես սահմանամերձ Սեւքարի, Ոսկեպարի դպրոցներին: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն իր ենթակայության տակ գտնվող դպրոցները «հանրապետականացնում է»` դպրոցների տնօրեններին դարձնում ՀՀԿ անդամ:
«Հանրապետականացման» հերթը հասել է սահմանամերձ Ոսկեվանի դպրոցին: Հունիսի 4-ին Ոսկեվանում կրկին կայացել է միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր տեղի մրցույթ: Հավակնորդները 2-ն են եղել՝ Ոսկեվանի բնակչուհի, ռուսաց լեզվի ուսուցչուհի, 16 տարի դպրոցի տնօրենի դաստիարակչական գծով տեղակալ Գոհար Տիրացվյանը եւ նախկինում այդ դպրոցում որպես աշխարհագրության ուսուցիչ աշխատած Գարիկ Մամյանը: Քվեարկության արդյունքում Գ. Մամյանի օգտին տրվել է 4, Գ. Տիրացվյանի օգտին՝ 3 քվե: Դպրոցի կառավարման խորհրդի 8-րդ անդամ Անահիտ Պապինյանն իր դիմումի համաձայն հրաժարական է տվել, իսկ կառավարման խորհրդում նրան փոխարինողը, ըստ օրենքի, իրավունք չուներ մասնակցել քվեարկությանը:
Ոսկեվանի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր տեղի համար նախորդ մրցույթը կայացել էր 2013թ. մայիսի 25-ին: Այն ժամանակ Գ. Տիրացվյանը ստացել էր 4, Գարիկ Մամյանը՝ 3 ձայն: Դպրոցի կառավարման խորհրդի անդամ, ֆիզիկայի ուսուցչուհի Ա. Պապինյանի վրա ճնշումներ էին եղել, որպեսզի նա մայիսի 25-ին չմասնակցի քվեարկությանը եւ ձայն չտա Գ. Տիրացվյանին, այլապես վերջինս դպրոցի տնօրեն էր ընտրվելու: Գ. Տիրացվյանն ասաց՝ իրեն խորհուրդ են տվել դպրոցի տնօրեն դառնալու համար ՀՀԿ-ին անդամագրվել, ինքը 2012թ. հոկտեմբերին 2 անգամ դիմում է գրել ՀՀԿ անդամ դառնալու համար, սակայն այդպես էլ պատասխան չի ստացել: Ըստ տիկին Տիրացվյանի՝ 10 օր առաջ իրենց տուն է այցելել Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Գ. Մամյանը եւ հայտարարելով, որ իր թիկունքում ՀՀԿ-ն է, հորդորել է հանել թեկնածությունը: Տիկին Տիրացվյանը մեզ հայտնեց, որ հունիսի 4-ին ինքը Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Աշոտ Փաշինյանին ասել է, որ նման անարդարությունների պատճառով են հայերը լքում Հայաստանը: Վերջինս պատասխանել է, թե իրենք օրենքով են առաջնորդվում:
2 մրցույթների արդյունքում դպրոցի տնօրեն չի ընտրվել: Ըստ օրենքի՝ մարզպետ Արմեն Ղուլարյանն առաջիկայում, իր կարծիքը ներկայացնելով, դիմելու է ԿԳՆ, որպեսզի Ոսկեվանի դպրոցի տնօրեն նշանակեն: Կարելի է չկասկածել, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կընդառաջի Հայաստանի «ամենաերկարակյաց» ՀՀԿ-ական մարզպետին: Նշենք, որ Գ. Մամյանը ՀՀԿ երիտասարդ թեւի ակտիվիստ է: Մի քանի տարի առաջ Նոյեմբերյան քաղաքում կայացած նրա հարսանիքին մասնակցել է նաեւ Ա. Ղուլարյանը: Սահմանամերձ Ոսկեվանի բնակիչների մեջ մեծ դժգոհություն կա, որ մարզպետն իր երիտասարդ կուսակցին՝ Նոյեմբերյանի բնակչին, սահմանամերձ Ոսկեվանի կրթօջախի տնօրեն է դարձնում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս