ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանը (Շմայսը) երեկ այցելել էր Ազատության հրապարակում նստացույց անող ազատամարտիկներին, որոնք հավաքվել էին պատգամավորի շուրջն ու զրուցում էին: «Ժողովուրդ»-ը մի քանի հարց ուղղեց Առաքել Մովսիսյանին՝ պարզելու համար, թե նա ինչ է պատրաստվում անել իր մարտական ընկերների բարձրացրած խնդիրների լուծմանն աջակցելու համար:
-Պարո՛ն Մովսիսյան, ինչի՞ մասին եք զրուցում Ազատության հրապարակում հավաքված ազատամարտիկների հետ:
-Տղերքի հետ, մեր մարտական ընկերների հետ նստել ենք, զրուցում ենք: Ես տեսա էս կարգավիճակը, մոտեցա՝ իմ ընկերների հետ խոսելու:
-Հրապարակում հավաքվածներին բոլորին ճանաչո՞ւմ եք:
-Իհարկե, նրանց բոլորին էլ ճանաչում եմ, բոլորս միասին ենք կռվել, ո՞նց կարող եմ չճանաչել իրենց:
-Իսկ որպես ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ՝ ի՞նչ եք պատրաստվում անել, որպեսզի Ձեր մարտական ընկերների բարձրացրած հարցերը լուծում գտնեն: Ի վերջո, նրանք այսօր հայտնվել են փողոցում:
-Պայմանավորվում ենք, որ տղերքից երկու հոգի ամսի 10-ին` Ազգային ժողովի նիստի օրը, գան, ընդունելություն անենք, մեր հանձնաժողովով որոշենք (Ա. Մովսիսյանն ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ է) Նահապետյան Կորյունի հետ, թե ինչ կարգավիճակ կարելի է ընտրել, որպեսզի հասնենք մեր նպատակին օրակարգի միջոցով: Տեսնենք, ինչ հնարավոր է՝ տղաների հետ կապված, մի բան անենք:
-Ձեզ համար հասկանալի եւ ընդունելի՞ է ազատամարտիկների պահանջը:
-Պահանջ բոլորս էլ ունենք, բոլորս էլ ունենք այդ նույն պահանջները… իրենց ուզածը այդքան էլ շատ բան չէ: Իրենց ասելով` բոլորիս նկատի ունեմ: Որպեսզի հիմա շատ բան չխոսենք ու գործ անենք, դա ավելի լավ կլինի: Մեզ որ հանգիստ թողնեք, մենք ավելի լավ ու ավելի շատ գործ կանենք: Ազգային ժողովի քառօրյա նիստի ժամանակ ընդունելություն կկազմակերպենք մի հատ… Աբրահամյան Հովիկի եւ Նահապետյան Կորյունի հետ միասին բոլորս կորոշենք, տեսնենք՝ ինչ կարգավիճակ կարանք ստեղծենք, տղաների բարձրացրած հարցերի որ մասը կարող ենք լուծել:
-Իսկ ո՞վ է Ձեզ ուղղորդել Ազատության հրապարակ, ինչ-որ մեկը Ձեզ «լիազորե՞լ» է, որ այցելեք ազատամարտիկներին եւ զրուցեք նրանց հետ:
-Ես ընկերական եմ եկել, ես էլի եմ եկել, ես միշտ էլ եկել եմ տղերքի մոտ, ինձ ինչ-որ մեկը չի կարող ասել՝ գնա՛: Ես ծնունդ պետք է գնայի, բայց ասեցի՝ մի հատ գնամ, տղերքի հետ խոսեմ, նոր գնամ: Իրենք իմ ընկերներն են, ես ո՞նց կարող էի իմ ընկերներին չայցելել ու իրենց հետ չզրուցել: Սա առաջին անգամը չէ, ես միշտ էլ եկել եմ, խոսել եմ, հասկացել եմ իրենց ուզածը:
-Այս մարդիկ, որոնք ժամանակին իրենց կյանքը չեն խնայել հայրենիքի համար, այսօր արժանանում են իշխանությունների արհամարհական վերաբերմունքին: Նշեցիք, որ նրանք Ձեր ընկերներն են, սակայն այսօր Դուք այլ կերպ եք ապրում, նրանք` այլ, չե՞ք պատրաստվում անձամբ ինչ-որ օգնություն ցուցաբերել նրանց:
-Եկե՛ք չքաղաքականացնենք, պատճառներ շատ կան, որ այսօր մեր ընկերները վատ վիճակում են ապրում. դեռ պատերազմը չի ավարտվել, Աստված չանի, կարող է վաղը կամ մյուս օրը էլի պատերազմ սկսվի, էլի մեր տղաներն են գնալու, կռվելու: Մենք էլ պիտի պայքարենք, որպեսզի մեր տղաները մի կարգավիճակ ունենան:
-Տեղյա՞կ եք, թե այս ամենի մասին ինչ է մտածում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, քանի որ նաեւ նրա մարտական ընկերներն են:
-Հանրապետության նախագահն անձամբ մտածում է այս հարցի վերաբերյալ, դեռ ժամանակը չի արտահայտվելու, երբ գա ժամանակը, նա գործով կապացուցի:
ՇՄԱՅՍԸ ԾՆՈՒՆԴԻՑ ԱՌԱՋ ԵԿԵԼ ԷՐ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄՈՏ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ