ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ` ՄԱՆԴԱՏԻ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանը ՀՀ կառավարության երեկվա որոշմամբ ազատվել է Սյունիքի մարզպետի պաշտոնից: Նա արդեն օրինական թիկնապահներ ունի:
Կառավարության այս որոշումը, սակայն, բավական հետաքրքիր նրբերանգներ ունի. մարզպետին աշխատանքից ազատելու որոշման նախագիծը կառավարության նիստի օրակարգ ընդգրկվել է երեկ առավոտյան նոր միայն` որպես լրացուցիչ հարց: Իսկ որպես Սյունիքի մարզպետին պաշտոնանկ անելու հիմք՝ կառավարության որոշման մեջ նշված է աշխատանքից ազատվելու մասին նրա դիմումը:
Նկատենք, որ Սուրիկ Խաչատրյանը հունիսի 1-ին Գորիսում տեղի ունեցած սպանությունից հետո անհասկանալի ձեւակերպումներով հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, թե ինքը, վերադասի համաձայնությամբ, մինչեւ նախաքննության ավարտը չի կատարում մարզպետի իր պարտականությունները: Այսինքն` Ս.Խաչատրյանն ուղղակիորեն չէր հայտարարել իր հրաժարականի մասին` նահանջի տեղ թողնելու համար: Բայց երեկ՝ առավոտյան՝ կառավարության նիստից առաջ, նա աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել. ՀՀԿ մեր աղբյուրների վկայությամբ, նա այդ քայլին է դիմել Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո:
Այս պաշտոնանկությունը, սակայն, դեռ չի նշանակում, թե Սերժ Սարգսյանը որոշել է պատժել ընտրությունների ժամանակ իշխանություններին մշտապես անհրաժեշտ ձայներ ապահոված մարզպետին: Ընդհակառակը, Ս.Խաչատրյանը կմարսի նաեւ այս արյունալի պատմությունը, մանավանդ որ վերջին օրերին իրավապահ մարմինները, այդ թվում` քրեական գործը քննող զինդատախազությունը եւս, ստանձնել են նրա փաստաբանի պարտականությունները:
Իսկ երեկվա պաշտոնանկությամբ իշխանությունն ընդամենը նպատակ ունի ժամանակավորապես հանդարտեցնել կրքերը, մինչեւ հասարակությունը մոռանա կատարվածի մասին: Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ Սերժ Սարգսյանը խոստացել է Սուրիկ Խաչատրյանին ԱԺ պատգամավոր դարձնել: Իսկ դա տեղի է ունենալու մեծամասնական ընտրակարգով. քննարկվել է տարբերակ, ըստ որի՝ Սյունիքի մարզի թիվ 37 ընտրատարածքից պատգամավոր դարձած Հայկ Գրիգորյանը վայր է դնելու իր մանդատը, որից հետո ԱԺ պատգամավորի թափուր տեղի համար առաջադրվելու է Ս.Խաչատրյանը: Միայն թե, այդ ծրագիրը կյանքի է կոչվելու մի քանի ամիս անց նոր միայն` քրեական գործի նախաքննության ավարտից հետո:
Ինչ վերաբերում է քրեական գործի ընթացքին, ապա հավանական է, որ գործը ձեւակերպվի որպես ինքնապաշտպանություն, եւ Ս. Խաչատրյանի որդին ու թիկնապահը դատապարտվեն ընդամենը պայմանական ազատազրկման` անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանություն կատարելու համար: Նշենք, որ այս դեպքում ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսում է մինչեւ 3 տարվա ազատազրկում:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չբացառեց Ս. Խաչատրյանի` պատգամավոր դառնալու հավանականությունը, սակայն, ըստ նրա, իրենց օրակարգում նման հարց չկա: «Սուրեն Խաչատրյանը, ինչպես եւ բոլորը, եթե պատգամավորական տեղ ազատվի, կարող է իր թեկնածությունն առաջադրել»,-ասաց նա: Գ. Սահակյանը նաեւ նշեց, թե Ս. Խաչատրյանի հրաժարականը հետեւանք էր հասարակական ճնշումների. «Կարծում եմ` շրջանառվող լուրերի ճնշումների, հասարակական մասնակի կարծիքների հետեւանքով բարոյական քայլ էր դա»: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ում կողմից էր դա բարոյական քայլ՝ Ս. Խաչատրյանի, թե կառավարության, Գ.Սահակյանը նշեց. «Իհարկե Ս.Խաչատրյանի, որովհետեւ նա է հրաժարական ներկայացրել»:
Նկատենք, որ երեկ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ Ս. Խաչատրյանի հրաժարականը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ներկայացրել է որպես ՀՀԿ-ի քաղաքական գնահատականը հունիսի 1-ի դեպքերին: «Կառավարությունը կարող էր չընդունել դիմումը: Եթե հիշում եք, մենք ունենք նախադեպեր, երբ տարբեր համայնքապետեր կամ տարբեր պաշտոնյաներ դիմում են ներկայացնում, բայց կառավարությունը չի ընդունում աշխատանքից հեռանալու դիմումները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարությունը Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ ընդունել է այդ դիմումը, նշանակում է, որ քաղաքական մեծամասնությունը եւ քաղաքական իշխանությունը գտնում է, որ այդ դիմումի մեջ տեղ գտած ազատման պատճառները օբյեկտիվ են»,-ասել է նա: Այսպիսով՝ երկու ՀՀԿ-ականների պատասխանները հակասում են միմյանց. մեկն ասում է՝ Լիսկան է բարոյական, մյուսը, թե՝ ՀՀԿ-ն:
Երեկ մեկնաբանությունների համար փորձեցինք զրուցել թիվ 37 ընտրատարածքից պատգամավոր դարձած Հայկ Գրիգորյանի հետ, սակայն վերջինս Գորիսում կատարված այս աղմկահարույց դեպքից հետո չի պատասխանում հեռախոսազանգերին:
Հ.Գ. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արդեն մի քանի օր է, ինչ Սուրիկ Խաչատրյանն իր անվտանգությունն ապահովելու համար դիմել է ոստիկանությանը, եւ արդեն շրջում է ոստիկանության կողմից տրամադրված օրինական թիկնապահներով:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս