ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԸ` ԱՐԺԵՔՆԵՐԻՑ ԱՆՏԵՂՅԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երգիչ ԿԱՐԵՆ ՄՇԵՑԻՆ ավարտել է Երեւանի մշակույթի համալսարանը` ժողովրդական երգի բաժինը, երգել է փոքրուց, 2000 թվականից էլ հանդես է գալիս տարբեր բեմերում: Մշեցի կեղծանունը ստացել է արմատներով Մուշից լինելու պատճառով: Նրա խոսքով՝ հողն ու ջուրն ազդում են մասնագիտության ընտրության հարցում: Ի դեպ, Կարեն Մշեցին, երգչուհի Սիրանույշ Գալստյանն ու Մուրադ Մշեցին “Արծի՛վ, սլացի՛ր” նախագծով համերգներ են ունենում Հայաստանի տարբեր շրջաններում, հիմա էլ պատրաստվում են մեկնել Արցախ` զորամասերում բարեգործական համերգների: 
-Ո՞րն է պատճառը, որ Ձեզ հեռուստատեսությամբ չենք տեսնում:
-Դուք երեւի ավելի շատ կիմանաք դրա պատասխանը: Դուք էլ տեսնում եք՝ ովքեր են անընդհատ եթերում: Մեր ոճի հետ կապված ամեն ինչ մեծ դժվարությամբ է լինում՝ թե՛ տեսահոլովակ ցուցադրելը, թե՛ հեռուստատեսությամբ հյուր հրավիրվելը կամ որեւէ նախագծի մեջ ընդգրկվելը: Նույնիսկ մեր համերգի մասին փոքրիկ ինֆորմացիա տարածելիս այնպիսի գումարներ են պահանջում, որ մենք համերգով այդքան չենք էլ վաստակում: 
-Նկատել եմ նաեւ, որ “Երգ երգոց”-ում էլ հանդես չեք գալիս: 
-Փորձեր եղել են հաղորդմանը մասնակցելու, բայց մինչ օրս չեն հրավիրել, ու կարծում եմ՝ չեն էլ հրավիրի: Ես այն համոզմանն եմ, որ ազգայինը ներկայացնող կատարողները պետք է հեռուստատեսությամբ հաճախակի երեւան, քանի որ այսօր մեր սերնդի մտածելակերպն էլ է շատ փոխված: Մեր սերնդին էլ, որ հիմա զորակոչվում է բանակ, շատ դժվար է, իրենք չեն հասկանում՝ հայրենիքը որն է, ինչի համար են ծառայում, այս ազգի հերոսներն ովքեր են եղել: Մի անգամ դպրոցներից մեկում հանդիպման էի, ազգային երգերի մասին էի խոսում, մի աղջիկ ասաց. “Մենք տենց հին բաներ չենք սիրում”: Այսինքն՝ ազգայինն իրենց համար հին է: Սա շատ լուրջ խնդիր է, որի մասին չեն խոսում, կամ ովքեր էլ որ խոսում են, չեն կարողանում որեւէ բան փոխել:
-Այս խնդիրը լուծելու ի՞նչ տարբերակներ կան:
-Ամեն ինչ պետք է սկսվի ընտանիքից, ծնողից: Տարածաշրջաններ կան՝ Թալին, Ապարան, Արագած, որ ընտանիքում երեխան ծնված օրից լսում է ազգագրական երգերը: Հիմա ընտանիքներ կան Երեւանում կամ նույնիսկ այլ մարզերում, որ ընդհանրապես չեն լսում ազգային երգեր: Պետք է պետական աջակցություն, որ ազգայինն ավելի շատ պրոպագանդվի, բայց դա չկա, հակառակ բանն է տեղի ունենում, մի բան էլ խանգարում են, որ քո երգը չլինի հեռուստատեսությամբ:
-Երբ Ձեր առաջին ,Ապարանե տեսահոլովակը եթեր գնաց, խոսում էին, թե այն հովանավորել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, որքանո՞վ են այդ լուրերը հավաստի: 
-Այդքան էլ այդպես չէ, ճիշտ է, աջակցություն եղել է, բայց ֆինանսական կողմը ես եմ հոգացել:
-Այդ դեպքում ինչպիսի՞ աջակցության մասին է խոսքը:
-Ես լավ հարաբերությունների մեջ եմ Աղվան Հովսեփյանի հետ, իրենց բոլոր միջոցառումներին գնում եմ, շատ հայրենասեր մարդ է, ա՛յ եթե մեր պաշտոնյաներից մի քանիսն իր պես սիրեին ազգային երգը, շատ բան կփոխվեր: Մեր ամբողջ խնդիրն այն է, որ ազգային երգը ներկայացնող երգիչները քիչ են վաստակում, քանի որ նրանց լսարանն ու պահանջարկը քիչ է:
Որեւէ շոու բիզնեսային երգիչ կարող է հարսանյաց արարողությանը հանդես գալու համար 3 երգի դիմաց 15.000 դոլար պահանջել, ու մարդիկ իրեն այդ փողը կտան: Բայց մենք այսօր համերգ ենք դնում, որի տոմսը 2000-5000 դրամ է, ասում են՝ թանկ է, մենք այդքան չենք կարող տալ:
Իսկ պաշտոնյաներին չե՞ք դիմել, որ գոնե իրենց խոսքով եղանակ փոխեն:
-Ես չեմ դիմել, բայց դե մարդիկ տեսնում են, չէ՞, որ խնդիր կա, եթե չլիներ, մենք տարին մի հատ տեսահոլովակ չէինք նկարի, գոնե երեքը կնկարեինք: Համերգ կազմակերպելն էլ ծախսատար հարց է, դրանից էլ շահույթ չկա: Բայց, միեւնույն է, հունիսի կեսերին բարեգործական համերգներ ենք ունենալու զորամասերում: Սուտ բան չէ, մի ամբողջ շաբաթ զորամասերով բոլորովին անվճար շրջագայում ենք… այդ ճանապարհը, մնացած հարցերը… հասկանում եք` ինչ եմ ասում: Ու չկա որեւէ հաղորդաշար, որ գան, նկարեն ու ցույց տան մեր գործունեությունը: 
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 556 համար




Լրահոս