“Արմավիա”-ի շուրջ 3 տասնյակ աշխատակիցներ այսօր հավաքվել էին ,Միկա Լիմիթեդե ընկերության գրասենյակի դիմաց: Նրանք արդեն իրենց նախկին գործատուից պահանջում էին վճարել իրենց ավելի քան կես տարվա չվճարված աշխատավարձերը:
Շուրջ երկու ժամ գրասենյակի մուտքի մոտ սպասող աշխատակիցների հետ ընկերության ներկայացուցիչները չհանդիպեցին: Ուստի վերջինները որոշեցին օրեր անց նույն պահանջով դարձյալ հավաքվել նույն տեղում:
Իսկ “Արմավիա”-ի գրասենյակից, պատասխանելով “Փաստինֆո”-ի հարցին, վերահաստատել են նախկինում արված այն հայտարարությունը, թե ոչ մի աշխատակից չվճարված չի մնա, հավելելով նաև, որ ընկերությունում ներկայում սպասում են իրենց պարտապաններից գումարների, որոնցով մարվելու է նաև աշխատավարձերի պարտքերը:
“Արմավիա”-ի գրասենյակից հայտնել են նաև, թե “առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում” սպասում են, որ իրենց ունեցած պարտքերը կմարի նաև “Ավիա-Սերվիս” ընկերությունը: Այս ընկերությունն, ի դեպ, զբաղվում է ավիաուղևորների համար սննդի պատրաստմամբ ու մատակարարմամբ և պատկանում է “Մուլտի գրուպ” կոնցեռնին:
“Արմավիա”-ում խոստացան, որ ստացվող այս գումարը ևս ուղղվելու է աշխատավարձերի վճարմանը:
“Փաստինֆո”