Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ երեկ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար է նշանակվել Նազարեթ Մնացականյանը: «Քյանքյուլ» մականունով հայտնի Ն. Մնացականյանը նախկինում աշխատել է ոստիկանությունում՝ զբաղեցնելով ընդհուպ մինչեւ ոստիկանության 6-րդ վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ թրաֆիքինգի դեմ պայքարի վարչության պետի պաշտոնը: Սակայն 2011թ. նա աշխատանքից ազատվեց լուրջ սկանդալից հետո. «Ժողովուրդ»-ը գրել էր, որ «Քյանքյուլը» կասկածվում էր 65 հազար դոլար յուրացնելու մեջ: 6-րդ վարչությունը բերման էր ենթարկել «Քիմտեխ» ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Խաչատրյանին, որի ձեռքին այդ պահին եղել էր 65 հազար ԱՄՆ դոլարով ճամպրուկ, որը ոստիկանությունից անհետացել էր. կասկածներ կային, որ այդ գումարը յուրացրել է Ն. Մնացականյանն իր նախկին տեղակալ Ալեքսանդր Բերեզովսկու եւ ԿՀԴՊԳՎ այն ժամանակվա պետ Գագիկ Ավետիսյանի հետ միասին: Ու հիմա, փաստորեն, վարչապետն այդ մարդուն նշանակում է փոխնախարար: Թեեւ այս նշանակումը կարելի է համարել վերջին օրերի իրադարձությունների տրամաբանական շարունակություն. ի վերջո, վարչապետն էլ իր հերթին է հայտնվել օֆշորային գումարների հետ կապված կոռուպցիոն սկանդալի մեջ: Այնպես որ, «նմանը զնմանին գտանե»: Ի դեպ, Մնացականյանն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Թալինի նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանի եղբայրն է:
«ՔՅԱՆՔՅՈՒԼԻ» ՎԵՐԱԴԱՐՁԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ