Լուրերն այն մասին, որ երգչուհի ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԸ հիմա նաեւ պրոդյուսեր է, հաստատեց հենց ինքը: Պարզվեց, որ երգչուհին նույնիսկ ծանոթ էլ չէ այն երիտասարդի հետ, ում ինքը «որոշակի հարցերում օգնելու եւ խորհուրդներ է տալու»: Սկսնակ երիտասարդ երգիչ Հրանտն ապրում է Ֆրանսիայում: Սոնայի խոսքով՝ Հրանտն է իրեն դիմել, ինքն էլ չի մերժել:
-Ի՞նչ պետք է անեք Հրանտի համար որպես պրոդյուսեր:
-Կաշխատեմ շատ հարցերում օգնել, ինչ-որ լավ բան անել, դա կլինի թե՛ երգի, թե՛ տեսահոլովակի տեսքով: Ես մեծ ճանապարհ եմ անցել, կարող եմ խորհուրդ տալ: Ավարտել եմ երաժշտական դպրոց, Կոնսերվատորիա, մասնագիտականս թույլ է տալիս:
-Նախկինում խորհրդատուի կարգավիճակում եղե՞լ եք:
-Նույնիսկ վոկալի դասեր եմ տվել տանը, ով որ ցանկացել է:
-Նկատել եմ, որ Ձեզ հրավիրում են «Արմենիա» մրցանակաբաշխությանը, բայց «Տաշիր»-ին չկաք, ինչո՞ւ:
-Ճիշտն ասած, ինձ երբեք «Տաշիր»-ին չեն հրավիրել, իսկ «Արմենիա»-ին անցած տարի արժանացա «Տարվա լավագույն երգչուհի» կոչմանը: Չգիտեմ՝ ինչու «Տաշիր»-ին չեն հրավիրում, չեմ էլ նեղվում, բնույթով լավատես մարդ եմ, ինչ մրցանակներ էլ տվել են, իրենց կամքով է եղել, ուշ է եղել, բայց նուշ է եղել: Ուրեմն այդպես է Աստված կամեցել: Օրինակ` «Նոր ալիք»-ում հաղթելը շատ մեծ մրցանակ էր ինձ համար:
-Եթե չեմ սխալվում, վերջերս նաեւ Ֆրանսիա էիք մեկնել, որտեղ մասնակցել եք Կաննի փառատոնին:
-Ես հանգստանալու էի գնացել, հասցրեցի լինել Կաննում, Նիցցում, Մոնակոյում, բայց նաեւ էնտեղի հետ կապված գործեր ունեի: 12 օր հանգստացել եմ, մասնակցել Կաննի փառատոնին, բացմանն եմ եղել, շատ արտիստների եմ տեսել: Եվրոպան ինձ համար մնում է Եվրոպա, ամեն ինչն էր շատ ճիշտ, մաքուր… Շատերին գուցե դուր չի գալիս, բայց ես հավանում եմ:
-Ի՞նչ գործեր ունեիք Ֆրանսիայում:
-Համերգների հետ կապված, ուզում եմ շրջագայել այնտեղ: Ֆրանսերեն երգս էլ ֆրանսիական մի շարք ռադիոկայաններում արդեն հնչում է: Այս անգամվա այցս զուտ հանգստանալու նպատակով էր, որովհետեւ շատ քիչ եմ հանգստանում: Ամեն օր աշխատում եմ ակումբում, կենդանի հնչողությամբ երգում եմ 5-6 ժամ, դա բավական բարդ գործ է: Վերջին ամիսներին շատ եմ հոգնում: Գյումրիում 2 ամիս առաջ ունեցա մենահամերգ, շատ գոհ էր էնտեղի ժողովուրդը, շատ պահանջկոտ, բայց ինձ լավ ընդունեցին: Նրանք սրտանց, հոտնկայս ծափահարում էին: Էլի շրջաններից հրավերներ ունեմ, հանդես կգամ: Ես անընդհատ աշխատում եմ, բայց չեմ բարձրաձայնում դրա մասին:
-Իսկ ինչի՞ վրա եք ծախսում Ձեր վաստակած գումարը:
-Ես ինձանով եմ աշխատում, ստեղծում: Իմ վաստակածն էլ իմ գործերի վրա եմ ծախսում, նոր երգերի, տեսահոլովակների: Եթե ես լինեի ուրիշ երկրում, ուրիշ ձեւ կլիներ, բայց եթե առաջարկներ լինեն, ես կգնամ, իմ մենահամերգներով հանդես կգամ:
-Վերջին շրջանում Ձեր անունը շրջանառվեց՝ ֆրանսալեզու մի երգի հետ կապված, երբ նույն երգը ե՛ւ Դուք, ե՛ւ մեկ այլ երգչուհի էր կատարում:
-Կարծում եմ՝ դրանում խոսք ու կասկած չկա, որ երգն իմն է: Ի սկզբանե կոմպոզիտորը երգը կատարելու մենաշնորհն ինձ է տվել: Ես հիմա չէի ուզի խառնվել այդ ամենի մեջ, դա կոմպոզիտորի եւ նրա խնդիրներն են: Չեմ ուզում ոչ մի կռվի մեջ մտնել, PR-ներով կայանալ, չեմ սիրում նման բաներ: Ես որոշել եմ, որ այդ երգը կունենա նաեւ տեսահոլովակ, իսկ շատ շուտով կլինի նաեւ իմ «Հարսի շոր» երգի պրեմիերան:
-Ասում են՝ «Հարսի շոր» երգը հատուկ ինչ-որ օլիգարխի աղջկա համար պատվիրված երգ է, այդպե՞ս է:
-Դա հատուկ նորապսակների համար պատվիրված երգ է, որը ես սիրով եմ կատարել, ասեմ, որ ամեն տեղ այն չեմ կատարում: Իսկ թե ով է պատվիրել՝ հարուստ, թե ոչ հարուստ, դա այդքան էլ էական չէ: Ես իրավունք էլ չունեմ խոսել այդ հարցի շուրջ:
-Իսկ Ձեր հարսանիքը ե՞րբ է լինելու:
-Շատ դժվար հարց եք տալիս: Ասում են՝ ամեն ինչ մարդու ձեռքում է, բայց միշտ չէ դա այդպես, բնականաբար կամուսնանամ, հո էսպես չե՞մ մնա: Ես գիտեմ, որ ընտանիքից լավ բան չկա, բոլորն էլ ուզում են ունենալ:
«ՈՒՇ Է ԵՂԵԼ, ԲԱՅՑ ՆՈՒՇ Է ԵՂԵԼ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ