Վերջին նախագահական ընտրություններից առաջ, ի թիվս Ա. Ադիբեկյանի եւ այսպես կոչված` տեղական «Գելափ»-ի սոցիոլոգիական հարցումների, հանրությանը ներկայացվեցին «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (ՀԵԲ) կազմակերպության հարցումները, որոնց արդյունքներով Սերժ Սարգսյանի վարկանիշը կազմում էր 58 տոկոս` ճիշտ այնքան, որքան, ի վերջո, նա հավաքեց: Ընդ որում, նկատենք, որ այդ կազմակերպության հրապարակած հարցումը միակն էր, որում արձանագրվել էր Սարգսյանի վարկանիշի` 10-տոկոսանոց անկում` հակառակ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշի բարձրացման: Այս հանգամանքը հատուկ ուշադրության է արժանի, քանի որ ՀԵԲ հիմնադիր 4 անդամներից մեկը «Ժառանգության» ցուցակով ԱԺ պատգամավոր դարձած Թեւան Պողոսյանն է, որը թե՛ նախընտրական, թե՛ հետընտրական շրջանում բավականին ակտիվ աջակցում էր ընդդիմության առաջնորդի դերը ստանձնած Րաֆֆի Հովհաննիսյանին: Նախօրեին ֆրանսիական «Նուվել դե Արմենի» ամսագիրը հանդես է եկել սկանդալային բացահայտմամբ` «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ի եւ Սերժ Սարգսյանի միջեւ եղած կապի շուրջ: Ֆրանսիական պարբերականի ներկայացրած տվյալներին ծանոթանալուց հետո վերջին նախագահական ընտրություններն ու դրա վերը նշված դերակատարները ներկայանում են բոլորովին այլ լույսի ներքո: Այսպես. պարզվում է, որ դեռեւս 2006թ. Ս. Սարգսյանը ՀԵԲ հիմնադիր Մայքլ Քամբեկի միջոցով օգտվել է ամերիկյան Burson-Marsteller փիար ընկերության ծառայություններից` դրանց համար վճարելով ավելի քան կես միլիոն ԱՄՆ դոլար: 2006-ի հոկտեմբերից մինչեւ 2007-ի մայիսը Հայաստան են ժամանել 3-հոգանոց պատվիրակություններ, որոնց մատուցած ծառայությունների օրական վարձը կազմել է 50 հազար ԱՄՆ դոլար` չհաշված ճանապարհի եւ նրանց` Հայաստանում կեցության ծախսերը (բիզնես կլասով թռիչքներ, առաջնակարգ հյուրանոցներ): Այսինքն՝ Ս. Սարգսյանը Թեւան Պողոսյանի գործընկերոջ միջոցով շուրջ 530 հազար ԱՄՆ դոլար է վճարել ամերիկյան փիառշչիկներին, որպեսզի վերջիններս «կյանքի կոչեն երկարաժամկետ ծրագիր, որի նպատակն է նախարար Սարգսյանի (Ս. Սարգսյանը դեռ ՊՆ նախարար էր) համար լավ վարկանիշ ստեղծելը»: Թե որքան է Ս. Սարգսյանը վճարել արդեն 2013թ, նախագահական ընտրություններում սեփական վարկանիշը 58 տոկոսի հասցնելու համար ամսագրին պարզել չի հաջողվել: Սակայն այստեղ ուշագրավ է նաեւ այն, թե որ ընկերությանն է Սարգսյանը կես միլիոն դոլար վճարել` սեփական իմիջը կերտելու համար: Ըստ ֆրանսիական պարբերականի` Burson-Marsteller ընկերությունում իրենց խարխլված կամ չեղած հեղինակությունն են փորձել փրկել այնպիսի բռնակալներ, ինչպես Ռումինիայի բռնապետ Չաուշեսկուն, 1980թ. Արգենտինայի խունտան, Ինդոնեզիայի բռնապետ Սուհարտոն եւ այլք:
Հ. Գ. Տեսնենք Ս. Սարգսյանը կհետեւի՞ Տիգրան Սարգսյանի օրինակին, եւ ինքն էլ կդիմի՞ դատախազություն:
ԿԵՍՄԻԼԻՈՆԱՆՈՑ ՓԻԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ