Ո՞Ր ՓՈՒԼԻՆ Է ՀԱՍԵԼ ԳՈՄԵՇԻ ՄՍԻ ԳՈՐԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ այցելել էր Տավուշի մարզի Նոյեմբերյանի զորամաս: Այս ընտրությունը պատահական չէր: Մայիսի 15-ին զորամասում երկու զինծառայողների միջեւ վիճաբանություն էր տեղի ունեցել, ինչի հետեւանքով ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Խաչատրյանը կրակել էր շարքային Լյուքս Ստեփանյանի ուղղությամբ, որի արդյունքում վերջինս գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել էր: Թեեւ զորամասի մի շարք պաշտոնատար անձինք ազատվել են պաշտոնից, սակայն զորամասի հրամանատարը մինչ օրս պաշտոնանկ չի արվել: Ինչո՞ւ: Այս եւ այլ խնդիրների շուրջ  պարզաբանում ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց Սեյրան Օհանյանի հետ:
-Պարո՛ն Օհանյան, Դուք լրագրողների հետ զրույցում նշեցիք, որ Նոյեմբերյանի զորամասում  տեղի ունեցած միջադեպի արդյունքում պատժել եք մի շարք մարդկանց, սակայն ասացիք, որ զորամասի հրամանատարին չեք ազատել, քանի որ նրա նման հրամանատարներ քիչ կան: Ըստ տեղեկությունների՝ Նոյեմբերյանի զորամասի հրամանատար Վահագն Ասատրյանն «Արծիվ-մահապարտների միություն» հ/կ-ի նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի բարեկամն է, եւ դա է պատճառը, որ նրան պաշտոնանկ չեք արել:
-Ի սկզբանե նշեցի, որ Նոյեմբերյանի զորամասի հրամանատարն ամենաբանիմաց հրամանատարներից մեկն է, եւ այդ զորամասն էլ մեր լավագույն զորամասերից մեկն է: Կրկնում եմ, որ դեպքի հետ կապված՝ հրամանատարի տեղակալներն ու ստորաբաժանումների հրամանատարների տեղակալներն են ազատվել, իսկ մնացածը, ովքեր քրեական գործով կապ կունենան կամ կանցնեն արդեն քրեական գործի շրջանակներում, քննչական ծառայությունը, դատախազությունը նրանց հետեւից կգնան: Աստվածատուր Պետրոսյանն իր բարեկամի համար միլիոն անգամ ինձ խնդրել է, որ նշանակեմ պաշտոնի, բայց չեմ նշանակել, մինչեւ որ իր հրամանատարներն են միջնորդել, իսկ տեղեկության հետ կապված՝ նշեմ, որ նման բան չկա ու չի կարող լինել:
-Ի վերջո, պարզեցի՞ք, թե ով էր այն իրավապաշտպանը, որը համոզել էր Լյուքս Ստեփանյանի հարազատներին տղայի դին բերել Երեւան:
-Թո՛ւյլ տվեք չպատասխանել այդ հարցին, քանի որ վերջնականապես չգիտեմ, եւ եթե դա քրեորեն պատժելի է, ապա քրեական գործով զբաղվողները թող պատժեն, դա մեր գործառույթը չէ:
-Ի՞նչ եղավ գոմեշի մսի գործը: Որպես նախարար՝ հետեւո՞ւմ եք ընթացքին:
-Ընթացքին հետեւում եմ, հետաքրքրվում եմ եւ զբաղվում եմ:
-Ե՞վ, ի՞նչ եք մտածում գոմեշի մսի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
-Գիտեք ինչ, այն, որ գոմեշի միս մեր կենցաղի մեջ եւ բանակում կա, նորություն չէ:  Պահածոների պատրաստության մեջ այն օգտագործում են, սակայն այլ բան է, երբ համապատասխան խոշոր եղջերավորի մսի փոխարեն, առանց թույլտվության փորձել են գոմեշի միս օգտագործել: Օրինակ, եթե զեկուցագիր լիներ, եւ ես թույլ տայի, ու գումարի տնտեսված մասը հետ վերադարձնեին, քանի որ գոմեշի միսն ավելի էժան է, ապա ոչ մեկը ոչինչ չէր ասի, չէ՞ որ մենք դա ինքներս ենք բացահայտել: Մեր պրակտիկայում լինում են տնտեսումներ, որոնք կատարվում են օրենքի սահմաններում:
-Գոմեշի մսի գործով Կապանի մսի կոմբինատի տնօրենի նկատմամբ կալանքի խափանման միջոցը փոխվեց: Ի՞նչ կասեք այդ մասին:
-Դրանով դատախազությունն է զբաղվում, թող իրենք էլ զբաղվեն: Գտնում եմ, որ, ի վերջո, ինչ-որ կազմակերպություն է, որ մատակարարել է համապատասխան միս: Իրեն ասել են՝ գոմեշի մի՛ս բեր, ինքը գոմեշի միս է բերել:
-Իսկ կալանքի խափանման միջոցի փոփոխությունը Դուք արդարացվա՞ծ եք համարում:
-Քրեական գործը դեռ ընթացքի մեջ է, եւ կարծում եմ, որ համապատասխան կարգով են նրա հետ վերաբերում:
-Ի՞նչ կասեք ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշալույս Փայտյանի մասին. նա էլ չարաշահումների համար բանակից ազատվեց:
-Նա մեր մարտական ընկերն է, մեր զինված ուժերի ամենաբանիմաց, գրագետ գեներալներից մեկն է, մեր տարածաշրջանի համար շատ խնդիրներ է իրականացրել: Սակայն իր սխալի համար պաշտոնից ազատվել է:
-Ի՞նչ սխալ:
-Դե մի սխալի համար:
-Ի՞նչ կարծիք ունեք ՌԴ Պետդումայի վերջին՝ «Բանակում ծառայության մասին» օրենքում փոփոխությունների մասին: Այն, որ օգոստոսի 1-ից ռուսական բանակում ստիպված կլինեն ծառայել ՌԴ 18-27 տարեկան բոլոր երիտասարդները, այդ թվում եւ` տարբեր երկրներից եկած միգրանտները: Ըստ Ձեզ՝ դա ինչպե՞ս կանդրադառնա մեր զինակոչային տարիքի երիտասարդության վրա:
-Մենք ունենք մեր օրենսդրական դաշտը, իրենք ունեն իրենց օրենսդրական դաշտը:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս